Saturday, June 30, 2012

Փորձագետներ. Ալահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան

Panorama.am.30-6-2012- Հունիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի
մուսուլմանների վարչության ներկայացուցչության պաշտոնական բացման, ինչպես նաև այդ կառույցի նպատակների և հնարավոր գործառույթների մասին Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի և իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Ալիկ Էրոյանցի կարծիքով` օրերս Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ հայտարարվեց Թբիլիսիում Կովկասի մուսուլմանների վարչության (կենտրոնը Բաքու) ներկայացուցչությունը հիմնելու մասին, առաջին հայացքից արժանի չէր լինի մեծ ուշադրության և քննարկման առարկա չէր հանդիսանա, եթե չլիներ անցյալ տարի տեղի ունեցած մի իրադարձություն, այն է` 2011 թ. մայիսի սկզբին Վրաստանում ստեղծվեց Վրաստանի մուսուլմանների վարչությունը, որի հիմնական նպատակն է լուծել երկրում մուսուլմանական համայնքի խնդիրները և իրականացնել մզկիթների կառավարումը: «Դրանով փաստորեն մեծ վնաս էր հասցվում Կովկասի մուսուլմանների վարչության հեղինակությանը, քանի որ նախկինում այդ լիազորությունները վերապահված էին հենց վերջինիս, իսկ նոր կառույցի ստեղծումից հետո, փաստորեն, զգալիորեն թուլանում էր Բաքվի ազդեցությունը Վրաստանի մուսուլմանական համայնքի վրա: Հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն առաջացրեց Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության մոտ, որոնք քննադատություններ ուղղեցին Վրաստանի իշխանություններին` մեղադրելով նրանց վրաստանաբնակ ադրբեջանցիների և Ադրբեջանի միջև անջրպետ ստեղծելու մեջ»,- նշեց փորձագետը: Ըստ Էրոյանցի` «Վրացական կողմը, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց վերոնշյալ հայտարարություններին, ավելին` 2011թ. հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց կրոնական միավորներին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին նոր օրինագիծ, որով օգոստոսի 24-ին Վրաստանի մուսուլմանների վարչությունն առաջինն էր, որ ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Մինչ այդ հունիսի 12-ին կայացել էին ՎՄՎ ղեկավար կազմի ընտրություններ, որտեղ վարչության գլխավոր մուֆտի էր ընտրվել Ջեմալ Պակսաձեն, ով ադրբեջանցի չէր»: Փորձագետի կարծիքով` «այս ամենն այդպես էլ չկարողացավ հանդուրժել ԿՄՎ ղեկավարությունը, ում կողմից, երկարատև պայքարի և մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու արդյունքում Վրաստանում հիմնվեց ներկայացուցչություն, որն, ըստ էության, կփորձի հակադրվել արդեն իսկ գործող ՎՄՎ-ին և կանի ամեն հնարավորը` հետ նվաճելու այն լծակներն ու լիազորությունները, որ ուներ նախկինում»: «Սակայն այս ամենից լավ հոտ չի գալիս, քանի որ ՎՄՎ-ն հովանավորվում է Վրաստանի իշխանությունների կողմից, իսկ ԿՄՎ դիրքերի ամրապնդումը չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից, և այն հանգամանքը, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան, իհարկե ընդունելի չէ վրացական կողմի համար, ուստի չի կարելի բացառել, որ այս երկու կառույցների միջև առկա հակասությունները հետագայում կարող են վերաճել նաև երկու հարևան երկրների միջև լուրջ լարվածության», եզրափակեց Ա.Էրոյանցը: Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Վրաստանի բնակչությունը դավանաբանական և էթնիկական տեսանկյունից ունի խայտաբղետ կառուցվածք, իսկ ինչ վերաբերում է իսլամ դավանողներին, ապա նրանց քանակը Վրաստանում անցնում է 500 000-ը, որոնց մեջ զգալի թիվ են կազմում իսլամի շիական ուղղության հետևորդները (մեծամասամբ ծագումով ադրբեջանցի), սակայն կան նաև իսլամի այլ ուղղությունների կողմնակիցներ, որոնք իրենց էթնիկ կազմով նույնպես բազմազան են (ադրբեջանցիներ, աջարներ, աբխազներ, չեչեններ և այլն): «Հունիսի 27-ին Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության (ԿՄՎ) բացումը ուղղված էր 2011 թ-ի հունվարից Վրաստանում գրանցված Վրաստանի մուսուլմանների վարչության դեմ: ՎՄՎ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենք անկախ են ԿՄՎ-ից, որի կենտրոնը գտնվում է Բաքվում, և ցանկանում են միավորել Վրաստանի մուսուլմաններին, իսկ ընտրված գլխավոր մուֆտի, սուննի Ջեմալ Պակսաձեն հայտարարել է, որ վրացի սուննիները և ադրբեջանցի շիաները որոշել են ստեղծել միասնական վարչություն Վրաստանի մուսուլմանների հարցերով զբաղվելու համար: Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով, Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծումը «ոչ ճիշտ քայլ է»` մատնանշելով այն հանգամանքը, որ այդ կառույցի ղեկավար կազմում ծագումով ադրբեջանցիներ, ինչպես նաև հոգևոր, լուրջ կրոնա-աստվածաբան մասնագետներ ընդգրկված չեն: Ալլահշուքյուր Փաշազադեի նման պահվածքը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում կորցնել ազդեցությունը Վրաստանի մուսուլմանների նկատմամբ»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը: Ըստ նրա`«մինչ այդ Վրաստանում ՎՄՎ դեմ բազմաթիվ դժգոհություններ են եղել, և ենթադրելի է, որ այս դժգոհություններն ուղղորդվել են ԿՄՎ կողմից»: «Պետք է փաստել, որ ԿՄՎ ներկայացուցչության բացումը խոսում է վրացական հասարակությունում ակտիվացող դավանաբանական խմորումների մասին, որոնցում ակտիվ միջամտում է ԿՄՎ, իր առաջնորդ` Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ»,- նշեց փորձագետը:

No comments: