Wednesday, June 20, 2012

Բա մյուսների թիկնապահները

«Լրագիր» 20-6-2012- Ինչպես եւ սպասվում էր, իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ամեն ինչ անելու է Ռուբեն Հայրապետյանին «ծածկելու» համար: Օրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, թե չպետք է քաղաքականացնել և շահարկել Հարսնաքար ռեստորանում հունիսի 17-ին կատարված միջադեպը: «Չի կարելի Ռուբեն Հայրապետյանին կապել «Հարսնաքար»-ի հետ, որ, իբր թե, նրա «ախրանան» ինչ-որ բան է արել: Իհարկե, եղելությունն այն է, որ միջադեպ է եղել, շատ կոշտ: Բախումը եղել է բժիշկների և «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցների միջև», ասել է Գալուստ Սահակյանը tert.am-ին: Բնական է, որ Գալուստը պետք է նման բան ասեր, որովհետեւ իր հարազատ կուսակցության բազմաթիվ անդամների թիկնազորները բազմիցս հայտնվել են նման պատմությունների մեջ՝ մարդ ծեծել, մարդ սպանել: Իսկ ինքը՝ ՀՀԿ-ն, վաղուց վերածվել է կրիմինալի քաղաքական ցուցանակի: Իսկ ինչո՞ւ մյուս խորհրդարանական կուսակցությունները չեն դատապարտում այս երեւույթը: Չէ՞ որ դա մասնավոր ինչ որ բան չէ, կամ «մանր» հարց, ինչպես կասեր Լեւոն Զուրաբյանը, այլ ունի խորքային նշանակություն: Չէ որ խնդիրը միայն Ռուբեն Հայրապետյանն ու նրա թիկնազորը չեն, այլ այն, թե ի վերջո արդյոք Հայաստանը դառնալու է նորմալ, օրինական պետություն, թե մնալու է «ավազակապետության» արշավանքների ասպարեզ: Ըստ ամենայնի, լռությունը կապված է, ի թիվս այլ պատճառների, նաեւ սեփական թիկնազորների տարբեր տարիներին կատարած հանցագործությունների հետ: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, ավելի ճիշտ՝ ՀՀՇ-ն, որը խոսում է «Սահմանադրական կարգի վերականգնման մասին», իշխանության եղած տարիներին նույնպես «աչքի է ընկել» նման երեւույթներով: Եւ եթե Կոնգրեսը դատապարտի, նրան անմիջապես կհիշեցնեն բազմաթիվ «դեպքեր»: ԲՀԿ-ն, որը ներկայում իրեն դիրքավորում է «այլընտրանքի» եւ քաղաքական նոր մշակույթի դաշտում, առայժմ նույնպես չի դատապարտել Հարսնաքարի միջադեպը: Դա նույնպես կարելի է հասկանալ. եթե այս կուսակցությունը դատապարտի կատարվածը, նրան անմիջապես կհիշեցնեն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի տարբեր տարիներին կատարած «քաջագործությունները», այդ թվում՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Ավելին, ԲՀԿ-ին կհիշեցնեն Առագաստ սրճարանի միջադեպը, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը ծեծելով սպանեց ջավախքցի Պողոս Պողոսյանին: Լռում է նաեւ ազգային կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, որը թվում է չպետք է ունենար նման «հոգեբանական» խնդիր: Գուցե պատճառն այն է, որ ժամանակին ՀՅԴ անդամները, ըստ մամուլի հրապարակումների, ծեծել էին Ռուբեն Հայրապետյանին: Կամ էլ, գուցե ՀՅԴ-ն կարծում է, թե նրանց կհիշեցնեն Դրոյի ու Վահան Հովհաննիսյան + 30 գործե՞րը: Թե ինչու է լռում Ժառանգությունը՝ այս պարագայում անհասկանալի է: Ահա այսպիսի «քաղաքական համակարգ», ազգի շահերով տապակվող կուսակցություններ: Թեեւ, ինչ սպասես մի քաղաքական համակարգից, որի միակ նպատակը անձնական խնդիրների լուծումն է:

No comments: