Thursday, April 24, 2008

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԾԱՆՐ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»

Ցեղասպանության հետեւանքների առաջացրած խնդիրներն այսօր Հայաստանի Հանարպետության ամենասուր խնդիրներն են: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: «Ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դիտարկվում է որպես հիմնականում բարոյական մակարդակի հարց: Բայց դա այդպես չէ: Դա անվտանգության հարց է»,-ասաց նա` ավելացնելով, որ այն ռազմավարական ծրագրի մաս է կազմում:

Նրա խոսքով, անկախանալուց հետո Հայաստանն որդեգրել է նախքան Խորհրդային միության փլուզումը մշակված եւ կիրառված քաղաքականությունը, որը շարունակվում է մինչեւ օրս: «Նոր պայմաններում այս քաղաքականության կիրառումը հնացած է ու տանում է փակուղի: Ցեղասպանության ճանաչումը դիտվում է անջատ Հայաստանի ռազմավարական անվտանգության բոլոր խնդիրներից»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են եւ ղարաբաղյան հակամարտությունը, եւ թուրքական շրջափակումը ու դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը:

«Այսօր մենք ունենք ընդամենը երկու տասնյակ պետական տարբեր ատյանների մակարդակով միջազգային ճանաչումներ, որոնք ոչ մի նպաստ չեն բերում Հայաստանի անվտանգության սուր խնդիրներին, չեն անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակին», -մանրամասնեց Ա. Այվազյանը: Նա նկատեց, որ Հայաստանի այօրվա ծանր աշխարահառազմավարական դրությունը նույնպես ցեղասպանության ուղղակի հետեւանք է: «Հայաստանի արտաքին քաղաքականությունն պետք է վերադիրքորոշվի` ցեղասպանության ճանաչումից դեպի հայկական հարցի ճանաչում եւ արծարծում», -ասաց Ա. Այվազյանը:
Աղբյուր` Panorama.am230408

No comments: