Monday, June 25, 2012

Ալևի փոխարեն ՍԾՏՀ Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի Մամեդյարովը

Tert.am. 25-6-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում կայցելի Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է SalamNews-ը, արտգործնախարարը Ստամբուլ է մեկնում մասնակցելու հունիսի 26-27-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Մամեդյարովը նաև կմասնակցի նաև կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նախարարների նիստին: Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ` այդ թվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Ուշագրավ է, թուրքական կողմն ավելի վաղ նշել էր, որ ՍԾՏՀ գագաթնաժողովին Ադրբեջանը մասնակցելու է նախագահի մակարդակով և հույս ունեին Ստամբուլի հավաքին տեսնել Իլհամ Ալիևին: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները անդրադառնալով Հայաստանի մասնակցության գագաթնաժողովին նշել էին, որ չնայած Հայաստանին հրավեր էր ուղարկվել նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի փոխարտգործնախարարը: Նշվում էր, որ գագաթնաժողովի մասնակիցների թվում են լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Թիմոֆտին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

No comments: