Monday, June 25, 2012

ԼՂՀ-ում իրական ընտրություններ չեն լինում. թեկնածուներին նշանակում է պաշտոնական Երևանը. քաղաքագետ

1in.am. 25-6-2012- Որքան էլ խաղանք, ցույց տանք, թե ԼՂՀ-ն ինքնուրույն գործոն է, միևնույն է՝ պաշտոնական Երևանի դերը այդ երկրում տեղի ունեցող ընտրություններին հսկայական է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը՝ անդրադառնալով հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: «Արցախցին ընտրություններին միշտ էլ նայել է որպես միջոցառման, ոչ թե իրական ընտրությունների՝ հույսը դնելով Երևանի թեկնածուների նշանակումների վրա: Միաժամանակ կա երկրորդ՝ ժողովրդավարության ցուցադրման երևույթը: Մեծ ցանկություն կա ԼՂՀ-ն ներկայացնել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է: Սակայն իրականում շատ սուր խնդիր կա: Արցախցին, որպես ՀՀ փաստացի քաղաքացի, զրկված է ՀՀ իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքից: Մինչդեռ հակառակ դեպքում կվերանային հայաստանցի-արցախցի որակումն ու պառակտվածությունը: Եթե որոշ մարդկանց թվում է, թե ԼՂՀ-ն Հայաստանից անկախացնելով՝ լավ բան են անում, չարաչար սխալվում են: Իրականում մենք ունենք թատերականացված իրավիճակ՝ կապված ԼՂՀ անկախության հետ, այն դեպքում, երբ ԼՂՀ-ն պետք է գտնվի Հայաստանի կազմում: Սա միակ ճանապարհն է, և ես հույս ունեմ, որ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից երբեք չի ճանաչվի»,- ասաց նա: Աղայանը նշեց նաև, որ ազգերի ինքնորոշման իրավունքը վաղուց ռեալիզացվել է, այսօր էլ ՀՀ բանակն է, որ պաշտպանում է ԼՂՀ-ն: Քաղաքագետի խոսքով՝ Արցախը երբեք ԼՂ բանակցությունների կողմ չի դառնա: «Այս առումով հույսեր փայփայել չարժե: Բայց անգամ եթե դառնա, ի՞նչ պիտի անի իր պոտենցիալով: Մի՞թե նրա պոտենցիալն ավելին է, քան Հայաստանինը: Խնդիրը հայ-ադրբեջանական է»: Ասուլիսի մյուս բանախոս՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հերթին նկատեց, որ այսօր ԼՂՀ-ի համար առաջնային խնդիրը արտաքին հարաբերությունները հարթելն է, դրսևորվելը որպես ժողովրդավար պետություն: «Իմ խորին համոզմամբ՝ Արցախում բոլորը գնում են սրան: Առաջին խնդրին համարժեք այլ խնդիր ես չեմ տեսնում: Ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների վերաբերյալ արտահայտություններում բոլորը պետք է զգուշավոր լինեն: Ես կոռեկտ չեմ համարում, երբ ասվում է, թե ԼՂՀ-ում տեղի ունեցողը ոչ թե ընտրություններ են, այլ միջոցառում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ում ծայրահեղ լարված իրավիճակ է, ես զերծ կմնայի նման գնահատականներ հնչեցնելուց: Թող որ այդ ընտրությունները անցնեն ազատ, արդար և արտահայտեն արցախցու կամքը»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ ԼՂ հակամարտության լուծման ճանապարհը չի կարող չանցնել ազգերի ինքնորոշման գերակա սկզբունքի միջով: «Միայն դրանից հետո կարելի է խոսել պատմական ճշմարտության մասին»,- նկատեց Ուրիխանյանը:

No comments: