Saturday, June 16, 2012

«Oxford Analitica». Ադրբեջանական բանակը պատրաստ չէ նոր պատերազմի

Panorama.am. 15-6-2012- Բրիտանական Oxford Analitica հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ հունիսի 18-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշումներ կգործադրեն կողմերի վրա՝ վերջին շրջանում շփման գծում առկա լարվածության նվազեցման համար: Այս մասին տեղեկաղացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Փորձագետները կարծում են, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը նոր ռազմավարություն է որդեգրել, հիմնված՝ սպառազինության ծավալների մեծացման և 2014 թվականին՝ հրադադարի կնքման 20-ամյակին, Ղարաբաղում պատերազմի սկսման սպառնալիքի օպերատիվ պատրաստության հասնելու վրա, եթե մինչ այդ բանակցային գործընթացում առաջընթաց չարձանագրվի: Ռազմական բյուջեի կայուն աճից ոգեշնչված՝ Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբը վերջերս հայտարարեց, որ Բաքվին անհրաժեշտ է 10 օր՝ օկուպացված տարածքները ազատագրելու և մինչև հայ-իրանական սահման հասնելու համար: Իրականում, սակայն, ադրբեջանական բանակը պատրաստ չէ նոր պատերազմի, իսկ հայկական կողմն էլ մտադիր չէ հարձակում սկսել, ուղղակի փորձում է պահպանել ձեռք բերածը: Հայաստանի սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների հարձակումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի պահպանման պայմաններում շատ բարդ կլինի Ղարաբաղյան բանակցային գործընթացում իրական հաջողությունների արձանագրումը: Դրա պատճառներից մեկը Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումն է, վերջինս ավելի շատ շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ կամ լարվածության մեծացմամբ»,-նշված է զեկույցում:

No comments: