Sunday, July 1, 2012

Բաթումիում թուրքական էքսպանսիայի դեմ ուղղված ակցիա է անցկացվում

News.am. 30-6-2012- Վրացի պատգամավոր Ջոնդի Բագատուրիան, այսօր` հունիսի 30-ին, Բաթումիում թուրքական ազդեցության ուժեղացման դեմ ուղղված բողոքի ակցիա է կազմակերպել: Նա բոլոր ընդդիմադիրներին առաջարկել է աջակցել նախաձեռնությանը: «Սա մեր քաղաքացիական բողոքը կլինի եւ զգուշացում հակավրացական բոլոր ուժերին, որ Աջարիան մեր տարածքն է, մեր սիրտը, մեր ուղեղը եւ ողնաշարը. ոչ ոքի չենք զիջի Աջարիան: Այն թուրքերի եւ որոշ վրացիների վարած կեղտոտ գործերի դաշտ չի դառնա»,- ասել է նա: Բագատուրիան նախօրեին մտահոգություն էր հայտնել, որ թուրքերը շուտով Աջարիայի բնակչության մեծամասնությունը կկազմեն եւ ինքնավար հանրապետություն կհռչակեն: Բագատուրիայի հաղորդմամբ, Վրաստանի իշխանությունները Աջարիայում բնակվող 25 հազար թուրքերի արդեն քաղաքացիություն են շնորհել: «Դա գործող իշխանությունները միանգամայն գիտակցված են արել, քանի որ երկքաղաքացիություն ունեցող այդ 25 հազար թուրքերը, համաձայն վրացական գործող օրենսդրության, իրավունք ունեն մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», հայտարարել է Բագատուրիան: Ընդդիմադրի խոսքով` Վրաստանի այդ 25 հազար նոր բնակիչները ի նշան երախտիքի կքվեարկեն իշխող`«Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին, գրում է «Գռուզիա-օնլայնը»: Պատգամավորը հավատացնում է նաեւ, որ Թուրքիայում արմատականները պնդում են, որ Աջարիան թուրքական տարածք է` Վրաստանի կողմից 100 տարի առաջ գրավված: «Մեր ղեկավարության դավաճան լռությունը այդ քարոզչության առնչությամբ ամոթալի եւ վտանգավոր է», ընդգծել է Բագատուրիան: Նա հստակեցրել է, որ սեփական քաղաքացիներին պաշտպանելը պատճառ բռնելով հետագայում Աջարիա կարող են ներխուժել թուրքական զորքերը:

No comments: