Sunday, July 1, 2012

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

News.am. 30-6-2012- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հերթական հրապարակումը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։ Հրապարակման մեջ նշվել է, թե մահկանացուն կնքած 87-ամյա Հարություն Քամբարիզօղլուի թաղման արարողությունը կազմակերպելու համար Ուսքյուդարի Սուրբ Կարապետ եկեղեցին հանգուցյալի աղջկանից՝ Աննա Թաշճյանից պահանջել է 8 հազար լիրա, իսկ աղջիկը չկարողանալով այն վճարել՝ հորը թաղել է իսլամական կարգով եւ թուրքական գերեզմանոցում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Beyazgazete կայքը, Haberturk-ի հետ զրույցում Աննա Թաշճյանը նշել է, թե ինքը շատ է ցանկացել հորը թաղել քրիստոնեական ավանդույթներով, սակայն հնարավորությունները չի ներել։ Նշվում է, որ Աննա Թաշճյանը փորձել է եկեղեցուց խնդրել, որ պահանջված 8 հազար լիրան մաս-մաս վճարի, սակայն մերժում է ստացել։ «Ինձ անճար էի զգում։ Ստիպված ընդունեցի, որ հայրս թաղվի իսլամական կարգով եւ թուրքական գերեզմանոցում»,-ասել է Աննա Թաշճյանը։ Հայկական եկեղեցու պատասխանատուներից Օշին Մումջույանը նշել է, թե իրենք հանգուցյալի հարազատին տեղյակ են պահել պատրիարքարանի գնացուցակին եւ ավելին անելու հնարավորություն չկար։ Իսկ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը պնդել է, թե իրենք տեղյակ չեն եղել այդ ամենի մասին եւ եթե իմանաին, դիակը գետնին չէին թողնի։

No comments: