Monday, July 2, 2012

Ս. Օհանյան. Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է

Panorama.am. 2-7-2012- «Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից»,- պատասխանելով ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի այն հարցին, թե «Ո՞րն է նպատակը, ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ և ապակայունացնելով զինադադարի ռեժիմը», ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։ «Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար»,- նշել է նա։

No comments: