Monday, July 2, 2012

ԱԺ արտահերթ նիստ Հարսնաքարի հարցով

«Լրագիր» 2-7-2012- Հարսնաքարի գործը հենց սկզբից չի դիտվել որպես զուտ իրավական եւ ձեռք է բերել ոչ այնքան բարոյական, որքան քաղաքական նրբերանգ: Մեղավորները, նկատի են առնվում նրանք, ովքեր ծեծելով սպանել են ռազմական բժշկին, ամենայն հավանականությամբ պատիժ կկրեն, եւ այդ առումով հարցի իրավական կողմը կարող է բավարարվել: Սակայն, անկասկած, բողոքի ակցիաներն անց են կացվում ամենեւին ոչ մարդասպաններին պատժելու պահանջով: Հարսնաքարի ծեծկռտուքը բոլորի կողմից ընդունվել է որպես օլիգարխիկ համակարգի կողմից մարտահրավեր հասարակությանը, մեզանից յուրաքանչյուրին: Պատահական չէ, որ շատերն ունեին «Ես Վահե Ավետյանն եմ» պաստառներ, որովհետեւ Վահեի տեղում կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը: Այս դեպքը աղաղակող է ոչ միայն այն պատճառով, որ փոխվել է հասարակությունը եւ այժմ պատրաստ է խոսել իր իրավունքների մասին: Սա այն դեպքն է, երբ իշխանությունը եւ նրա մանկլավիկները չեն կարող մեղադրել ոչ զոհին, ոչ էլ նրան պաշտպանող հասարակությանն ինչ-որ մեկի պատվերը կատարելու մեջ: Երբ Մաշտոցի այգու պաշտպանները փորձում էին վճռորոշ գամը հանել անօրինական կառուցված բուտիկներից, շատերը սոցցանցերում խոսում էին, որ դա ինչ-որ մեկի պատվերն է, եւ պատվի ու արժանապատվության ոչ մի պաշտպանություն այդտեղ չկա: Եվ հենց դրանով էր մեծամասամբ պայմանավորված այն, որ քաղաքական ուժերը չմիացան այդ պայքարին՝ վախենալով, որ աշխատելու են հանուն «ուրիշի» շահերի: Վահե Ավետյանի դեպքի հարցով ոչ ոք չի կարող ասել, որ դա պատվեր է, որ Վահեին ծեծել են ընդդիմադիր հայացքների կամ գործողությունների համար, այդ պատճառով Վահե Ավետյանի հիշատակի ակցիաները կարող են քաղաքական եւ քաղաքացիական պայքարի համատեղման նախադեպ դառնալ: Ակցիաներին մասնակցում են առնվազն 3 խորհրդարանական ուժերի՝ ՀԱԿ-ի, Դաշնակցության, Ժառանգության եւ Ազատ դեմոկրատների ներկայացուցիչներ: Դատապարտող խոսքով է հանդես եկել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նախորդ քաղաքացիական նախաձեռնությունները կարող էին լայն շարժման վերածվել, եթե աջակցություն ստանային քաղաքական մակարդակով: Սակայն խոշոր հայկական կուսակցությունները չգիտես ինչու խորշում են քաղաքացիական նախաձեռնություններից, իսկ քաղաքացիական ակտիվիստները չեն ցանկանում «կեղտոտվել» քաղաքականությամբ: Այդ բարդույթների պատճառով քաղաքական ու քաղաքացիական շարժումները նույն նպատակի են ընթանում տարբեր ճանապարհներով՝ չօգնելով, իսկ երբեմն նաեւ խանգարելով միմյանց: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշում են, որ Ռուբեն Հայրապետյանը չպետք է տեղ ունենա խորհրդարանում: Եվ պետք է սպասել, որ նրանք կբարձրացնեն այդ հարցը խորհրդարանի նիստի ժամանակ: Ճիշտ է, այնպես է ստացվել, որ այժմ խորհրդարանը աձակուրդի մեջ է, սակայն ընդդիմությունը պետք է խորհրդարանի արտահերթ նիստ պահանջի երկրի համար այս կարեւորագույն հարցում: Քաղաքացիական նախաձեռնությունները կարող են աջակցել նրանց եւ հասնել այն բանին, որ վերջապես հասարակության պահանջով քաղաքական որոշում կայացվի, եւ հեռացվի թեկուզ մեկ օլիգարխ: Մինչ այժմ իշխանությունը հասարակության ճնշման տակ հարվածում էր օլիգարխների շահերին, սակայն «մարմնին» չէր համարձակվում մոտենալ: Եթե քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական շարժումը շարունակեն խորշել միմյանցից, օլիգարխիան կկոտրի նրանց առանձին-առանձին: Իսկ միասին դա իրոք ուժ կլինի: Նաիրա Հայրումյան

No comments: