Tuesday, July 3, 2012

Ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը

1in.am. 2-7-2012- «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքից հետո Հայաստանում հասարակական վիճակը բավական լարվել է: Բժիշկ Վահե Ավետյանի դաժան մահից հետո հասարակության տարբեր շերտեր, տարբեր քաղաքական հայացքների և պատկանելության տեր մարդիկ միասնաբար բողոքում են և արդարադատություն պահանջում: Ակնհայտ է նաև, որ այդ պահանջի հիմքում զուտ իրավական խնդիր չէ, զուտ իրավական պատասխանատվությունը չի գոհացնելու հասարակությանը, քանի որ համբերության բաժակը լցվել է, և այստեղ մարդիկ համակարգային, ամբողջական փոփոխություններ են պահանջում, որպեսզի ոչ միայն եղածը դատապարտվի, այլ նաև փակվեն նորերը լինելու ճանապարհները, և ի վերջո Հայաստանում հաստատվի այն մթնոլորտը, երբ չկա քրեաօլիգարխիկ համակարգի բեսպրեդելը: Այսինքն՝ այստեղ միայն Նեմեց Ռուբոյի խնդիրը չէ, այլ բոլորի, ամբողջ համակարգի, դրա կարկառուն ներկայացուցիչների, որոնց մեկ առ մեկ կարելի է թվարկել՝ Սաշիկ Սարգսյանից մինչև Գագիկ Ծառուկյան: Սա մի համակարգ է, որտեղ միահյուսված են բոլորը՝ պաշտոնյան օլիգարխ է, օլիգարխը՝ պաշտոնյա, ու շատ դժվար է ասել, թե որ մեկն է ավելի օլիգարխ, օրինակ՝ ԱԺ նախագա՞հը, թե՞ որևէ մի խոշոր գործարար կամ որևէ գործարար պատգամավոր: Կամ՝ որևէ նախարա՞ր է ավելի օլիգարխ, թե՞ որևէ բիզնեսմեն: Ահա այս համակարգի խնդիրն է հարցը, որովհետև այսօր՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորն է, երեկ՝ այլոց թիկնազորերն էին, վաղը կլինեն ուրիշները, կփոխվեն մեթոդները, բայց երևույթի էությունը կմնա նույնը: Հետևաբար այսօր հասարակության պահանջը հենց այս գլոբալ համատեքստում է, ոչ թե միայն կոնկրետ կատարվածի և դրա համար կոնկրետ պատասխանատուների: Այսինքն՝ կա ոչ միայն իրավական, այլև բարոյաքաղաքական պահանջ: Եվ այդ պահանջը հասարակությունը հասցեագրել է Սերժ Սարգսյանին՝ որպես համակարգային բուրգի առնվազն դե յուրե գագաթ: Այս դեպքում գնդակը, ինչպես ասում են, Սարգսյանի դաշտում է: Եվ նա պետք է որոշի՝ կա՛մ դրա հետ միասին հայտնվում է խաղից դուրս վիճակում, կա՛մ արձագանքում է հասարակության պահանջներին և իրական քայլեր ձեռնարկում մթնոլորտը հանգուցալուծելու, հանդարտեցնելու համար: Ակնհայտ է, որ հասարակությունը այնպիսի ցնցում է ապրել, որ մինչ այժմ ավանդական դարձած արհեստական կիսաքայլերով անհնար է ուշադրություն շեղել: Սերժ Սարգսյանը նախ՝ թերևս պարտավոր է առաջին հերթին անձամբ անդրադառնալ դեպքին, իր կուսակցի թիկնազորի հանցագործության համար ներողություն խնդրել քաղաքացու ընտանիքից, նրա որբացած փոքրիկներից: Բայց, միևնույն ժամանակ, նա թերևս պարտավոր է հստակ, կոնկրետ, ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին և այդ համատեքստում նույն կոնկրետությամբ անդրադառնալ երևույթին, որ ուղեկցում է մեզ արդեն տարիներ շարունակ և դամոկլյան սրի նման կախված է հասարակության ամեն անդամի գլխին: Սերժ Սարգսյանը միայն այդ հստակ դիրքորոշման շնորհիվ կարող է վկայել, որ պատրաստ է երևույթը համակարգային իմաստով չեզոքացնելու գործընթացին և այդ հարցում կարող է լինել հասարակության պահանջներին ադեկվատ՝ հանդարտեցնելով երկրում լարվող մթնոլորտը, որում արդեն ակնհայտորեն արձանագրվում են ինքնադատաստանի կամ տվյալ պարագայում երևի թե ճիշտ կլինի ասել՝ քաղաքացիական վրեժխնդրության դրսևորումներ, որովհետև իշխող համակարգը ուզուրպացնելով իշխանություն և պետական կառավարում իրացնելու պետական լծակները, որ սահմանադրորեն պատկանում են ժողովրդին, քաղաքացիներին, այլ ելք չի թողել, քան ապավինել միմիայն իրենց, իրենց վճիռներին եւ արդարադատությանը: Սերժ Սարգսյանը կա՛մ կհանգուցալուծի այդ մթնոլորտը՝ հասարակության պահանջով իրացնելով իրավական ու քաղաքական պատասխանատվությունը, կա՛մ պարզապես էլ ավելի կսրի պայթյունավտանգ իրավիճակը՝ հարվածի տակ դնելով պետությունը և էլ ավելի ծանրացնելով թե քաղաքական, թե իրավական պատասխանատվությունը: Համակարգը հասել է մի վիճակի, երբ ամեն ինչ չափազանց սրված է, երբ այլևս կատակի կամ թերահավատության ժամանակը չէ, երբ հասարակությունը անկյուն է քշվել արդեն անհնարինության աստիճան և դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի: Այդ ամենը թերագնահատելը հավասարազոր կլինի պետության դեմ գործած դավադրության, հետևաբար առնվազն մի քանի քայլ ուղղակի անհրաժեշտ է հենց այդ տրամաբանությունից ելնելով. նախ՝ անհրաժեշտ է կատարված կոնկրետ դեպքին տալ իրավական ամբողջական գնահատական և հանգուցալուծում, բաց, թափանցիկ, հրապարակային, որպեսզի հասարակության մոտ կասկած իսկ չմնա այդ ամենի օրինավորության և լիարժեքության վերաբերյալ: Դրանից բացի՝ անհրաժեշտ է, որ խնդրին ուղղակիորեն անդրադառնա Սերժ Սարգսյանը, բայց ոչ ընդհանրական ձևակերպումներով, ինչպես տարիներ առաջ Ալրաղացի Լյովի թիկնապահների կատարած սպանության պարագայում, այլ կոնկրետ՝ իրերն իրենց անուններով կոչելով, թե կոնկրետ դեպքի, թե ամբողջական երևույթի հանդեպ սեփական, անձնական պատասխանատվություն ստանձնելով: Դրանք առնվազն առաջին անհրաժեշտ քայլերն են, որոնք, իհարկե, փոքր-ինչ կհանգուցալուծեն մթնոլորտը, իսկ հետագա քայլերը կհուշի հասարակությունը, որը ներկայումս խնդիր ունի չթուլացնելու այն ճնշումը, որ ձևավորվել է Վահե Ավետյանի ողբերգական մահից հետո: Վահեի կյանքը հետ բերել հնարավոր չէ, բայց հնարավոր է գոնե, որպես հասարակություն, մեր պարտքը կատարել նրա երկու փոքրիկների առաջ և նրանց համար ապահովել մի երկիր, որտեղ նրանք կլինեն անվտանգ՝ օրենքով և իրավունքով պաշտպանված, մարդկային ազատությամբ օժտված:

No comments: