Monday, July 2, 2012

Բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը

News.am. 2-7-2012- «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 1-ին բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած կենտրոնական ռազմական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը: Նրանք հավաքվել են Զեյթուն թաղամասի շուկայի մոտ, որտեղից լուռ երթով հասել են մինչեւ Վահե Ավետյանի տուն: Փողոցն ամբողջությամբ փակ էր: Այստեղ էին բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ ու հասարակ քաղաքացիներ: Մինչ այդ, այսօր, ժամը 13:00-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել նախագահի նստավայրի, դատախազության եւ կառավարության դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջել են ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից: Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

No comments: