Monday, July 2, 2012

«Ռուսաստանն ու Իրանը կարող են գնալ Ղարաբաղի անկախության ճանաչմանը». ռուս փորձագետ

1in.am. 2-7-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս փորձագետ
Ստանիսլավ Տարասովը Մոսկվայում տեղի ունեցած «Չճանաչված պետություններոի եվրասիական հեռանկարներն ու քաղաքական, հումանիտար և տնտեսական խնդիրների կարգավորումը» փորձագիտական լսումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը. «Ես չեմ բացառում, որ հեռանկարում Մոսկվան և Թեհրանը կարող են գնալ Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Սակայն «երկու Հայաստանների» հայտնվելու ֆենոմենը կարող է ուղեկցվել միայն այսպես կոչված՝ Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում: Ավելին, ես չեմ բացառում նաև այն, որ Անդրկովկասում «հայկական կենտրոնը» Երևանից կփոխադրվի Ստեփանակերտ: Ամեն դեպքում, իմ դիտարկմամբ, ներկայումս ձևավորվում է Իրանի արտաքին քաղաքականության անդրկովկասյան ուղղությունը, որը մոտ ապագայում քիչ անակնկալներ չի մատուցի: Ռուսաստանն իր հերթին պետք է մտածի, թե ում հետ է ավելի նպատակահարմար Անդրկովկասի կիսումը՝ Իրանի՞, թե՞ Թուրքիայի հետ: Առավել նպատակահարմար է երևում Իրանի տարբերակը: Եթե Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա նրա շուրջը կձևավորվի Հայաստանի նոր կենտրոն և կառաջանա նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա՝ Ռուսաստանի ներկայության տարբերակով»:

No comments: