Tuesday, July 3, 2012

Սեյրան Օհանյանի ուշագրավ ակնարկները

«Լրագիր» 2-7-2012- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպից հետո անձնապես դեռեւս չէր արձագանքել կատարված հանցագործությանը, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը: Այդ վերաբերմունքի մեջ կան ուշագրավ դրվագներ: Մասնավորապես, պաշտպանության նախարարը ասում է. «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին»: Շատ հետաքրքիր է, ինչու է Հարսնաքարի ղեկավարության դիրքորոշման համար Աստծուն փառք տալիս պաշտպանության նախարարը: Այսինքն ի՞նչ, լավ է, որ Հարսնաքարի ղեկավարությունն այդպես էր մտածում եւ հանձնել է «սխալվողների՞ն»: Այսինքն պաշտպանության նախարարը կարծում է, որ Հարսնաքարի ղեկավարությունը կարող էր եւ չհանձնե՞լ «սխալվողներին»: Իսկ ո՞վ էր հարցնում Հարսնաքարի ղեկավարությանն ընդհանրապես: Չէ որ օրենքին դա չպետք է հետաքրքրքի՝ համաձա՞յն է Հարսնաքարը հանձնել, դեմ է Հարսնաքարը, թե «ձեռնպահ»: Ու՞մ եւ ինչու է Հարսնաքարի ղեկավարության կարծիքն ընդհանրապես հետաքրքրել այդ դեպքում: Իսկ եթե պատահեր այնպես, որ Հարսնաքարի ղեկավարությունը համաձայն չլիներ հանձնելուն, ի՞նչ պետք է լիներ այդ դեպքում: Հարսնաքարը պետք է վերցնեին տանկային գրոհո՞վ, թե պարզապես պետք է տանկերով ցրեին արդարադատություն պահանջող հասարակությանը: Գուցե Սեյրան Օհանյանը հենց Հարսնաքարի ղեկավարության համար է փառք տալիս Աստծուն, որ համաձայնեցին եւ այդպիսով խուսափեցին ավելորդ բարդություններից: Իսկ թե ինչ բարդություն կարող էր լինել Հարսնաքարի ղեկավարության համար, երեւի թե երեւաց մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանի քայլից, ով նախօրեին գիշերը մտել էր Հարսնաքար ու սպառնացել պայթեցնել այն, վրեժխնդիր լինելով իր ծառայակից սպա Վահե Ավետյանի սպանության համար: Այդ առիթով է Սեյրան Օհանյանի հարցազրույցի երկրորդ դրվագը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի»: Ըստ երեւույթին, Սեյրան Օհանյանը նրբորեն ակնարկում է մտածել, թե ուր կարող է հասնել բանը, եթե փորձ արվի կոծկել գործը կամ համարժեք պատասխանատվության չենթարկել բոլոր պատասխանատուներին: Նախարարը նրբորեն ակնարկում է, որ փոխգնդապետը զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ: Ինչպես հայտնի է, Վարդան Սամվելյանին ձերբակալել են: Սեյրան Օհանյանը փաստացի ասում է, որ նա միակը չէ ու կան շատերը, եւ թերեւս ակնարկում, որ բոլորին ձերբակալելը գործնականում կլինի անհնար: Հետեւաբար պետք չէ կատակել զինված ուժերի հետ եւ չանել հնարավորը, Հարսնաքարի դեպքը լիարժեք պատասխանատվության ենթարկելու համար: Առավել եւս, որ մի կողմում փաստացի կանգնած է ԶՈՒ-ն, մյուս կողմում հասարակությունը: Եվ սա էլ ինքնին հետաքրքրական իրավիճակ է, որովհետեւ սովորաբար Հայաստանում լարված իրավիճակներում ԶՈՒ-ն եւ քաղաքացիները լինում են բարիկադների տարբեր կողմերում: Հիմա նրանք միեւնույն կողմում են, եւ դա թերեւս իսկապես ահռելի ուժ է, որի հետ իսկապես պետք չէ կատակ անել: Թերեւս զարմանալի չէ նաեւ, որ ԶՈՒ հետ խաղ չանելու մասին է վկայում նաեւ պաշտպանության նախարարը: Բանն այն է, որ վերջին միջադեպի կապակցությամբ բազմաթիվ են տեղեկությունները, որ բանակում սպայակազմը չափազանց լարված է, վրդովված եւ պահանջում է հատուցում ծեծված ու սպանված սպայի կյանքի համար, պահանջում է սպայի պատվի պաշտպանություն: Այդ պայմաններում, Սեյրան Օհանյանի հեղինակության հարցը՝ որպես պաշտպանության նախարար, իսկապես սրվում է: Նա իհարկե հայտնվում է երկու քարի արանքում՝ մի կողմից իշխող կուսակցության անդամ օլիգարխի շահն ու իշխող կուսակցության եւ նախագահի լռությունը, մյուս կողմից` բանակի սպայակազմի «խիստ հայացքը»: Օհանյանն ըստ երեւույթին փորձում է նուրբ ակնարկներով դուրս գալ այդ երկու քարի արանքից: Բայց հազիվ թե դրա համար արդյունավետ լինի այդօրինակ նրբությունը: Իսկ այսպես, Սեյրան Օհանյանը փորձում է երկու քարի արանքից դուրս գալ, բայց միեւնույն ժամանակ թաքնված մնալ քարերի հետեւում եւ հնարավորինս լղոզված դիրքորոշում արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ: Ի վերջո, պաշտպանության նախարարներին բնորոշ պետք է լինի կոշտությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է այդօրինակ դեպքերին: Դա իհարկե չի նշանակում, որ նախարարը պետք է կամ խրախուսի, կամ ինքն անձամբ դիմի ինքնադատաստանի: Պարզապես նախարարը տվյալ դեպքում պետք է շատ ավելի կոնկրետ, հստակ եւ ուղիղ լինի իր գնահատականի մեջ եւ հենց իր համար սահմանի գործին հետեւելու պատասխանատվության մի նշաձող, որը հետագայում նրան թույլ չի տա մանեւրել պատասխանատվության լիարժեք իրացման վերաբերյալ հանրային հարցադրումներում: Բանն այն է, որ տվյալ պարագայում խնդիրը զուտ դեպքը չէ, այլ պարզապես դեպքերի ողբերգական ընթացքը հանգել է մի իրավիճակի, երբ Հայաստանում տարիների վաղեմության արատավոր համակարգային երեւույթն անմիջականորեն առնչություն է ունեցել նաեւ բանակին: Իսկ դա պետք է բանակի ղեկավարության համար նաեւ խթան հանդիսանա գիտակցել սեփական պատասխանատվությունը ներքին համակարգային այդ արատների հանդեպ, եւ մտածել բանակը այդ արատների չեզոքացման հասարակական պայքարին ավելի օգտակար դարձնելու, ոչ թե արատների համակարգի պարբերական վերարտադրությանը ծառայեցնելու մասին: Ի վերջո, այստեղ նաեւ բանակի ուղղակի խնդիրների հարց է, որովհետեւ որքան երկրի ներքին կյանքում բարձր է արդարադատության, հասարակական իրավահավասարության եւ ներդաշնակության մակարդակը, այդքան շատ ավելի մարտունակ է տվյալ պետության եւ հասարակության ձեւավորած բանակը: Դա թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն է, որը ներկայում թակում է հայկական բանակի դուռը՝ դժբախտաբար ողբերգական առիթով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: