Tuesday, July 3, 2012

Ինչպե՞ս են ուզում, որ սփյուռքը գնա տուն, այս ո՞ր տան մասին է խոսքը. Սաքո Արեյան

1in.am. 2-7-2012- «Նորանկախ Հայաստանի այսօրվա իշխանությունները երկիրը ղեկավարելու կուլտուրայից հեռու
են, որովհետև երբ անգամ չեն հովանավորում իրենց քաղաքացիներին, անգամ իրենց սպաներին, զինվորներին չեն ապահովել իրենց խոսքի ազատությունը, կամ մարդկային հարաբերություններում օրենքի գերակայությունը չեն կարևորում, ինչպե՞ս են ուզում, որ սփյուռքը գնա տուն, այս ո՞ր տան մասին է խոսքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայաստանյան իրականությունը, որտեղ մի կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանում սպանվեց Վահե Ավետյանը, մյուս կողմից՝ Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արի տուն» ծրագիրը, կարծիք հայտնեց լիբանանահայ բանաստեղծ, հրապարակախոս Սաքո Արեյանը։ Ս․ Արեյանը նաև հավելեց, որ սրանք հակասում են իրար և իրավիճակը որակեց որպես «հերթական խեղկատակություն»։ «Սփյուռքը շվարած մի հատվածն է հայ ժողովրդի, աքսորական հատվածն է, որն ուզում է ապահով զգալ, ուզում է զգալ, որ Հայաստանն իսկապես այսօր 21-րդ դարին վայել պետություն է, բայց մեծ հավանականություն չի երևում, երևի մենք շատ ունենք կորցնելու, թեև տա Աստված՝ այդպես չլինի։ Հերիք է, ինչ ցավեր որ ունենք․ մենք ունենք Հրանտ Դինքի ցավը, մենք ունենք Ցեղասպանության ցավը, թուրքերի ցավը, հիմա էլ ներքին ճակատում Վահե Ավետյաններն են ավելանում։ Ես ուզում եմ զորավիգ լինել»։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012 թ. ծրագրի երրորդ փուլի բացումը:

No comments: