Monday, July 9, 2012

Հարսնաքարի «պաշտպանությունը»

«Լրագիր» 8-7-2012- Հուլիսի 8-ին Ռուբեն Հայրապետյանը Հարսնաքարում անձամբ է դիմավորել իրեն պատկանող այդ ռեստորանում ծեծով սպանված Վահե Ավետյանի հիշատակի համար մոմավառության գնացող քաղաքացիներին: Հայրապետյանը ոստիկանների հետ միասին դիմավորել է նրանց, ու թույլ չի տվել մոտենալ Հարսնաքարին, ոստիկանները շատերին են հրել, գցել, հարվածել, հայհոյել, իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ քաղաքացիներից մեկին անձամբ է տապալել գետին: Մի քանի օր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանը հայտարարում էր, թե վայր է դնում մանդատը, որովհետեւ բարոյական պատասխանատվություն է զգում Հարսնաքարում տեղի ունեցածի համար, նա բավական հուզախառն հայտարարություն էր տարածել, որտեղ խոսում էր իր ծանր ապրումների մասին եւ որը եզրափակում էր “Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին” տողով: Թվում էր, որ այդ հայտարարությունից հետո, Ռուբեն Հայրապետյանը պետք է անձամբ միանար մոմավառության արարողությանը, փորձելով դրանով իսկ քավել իր առնվազն բարոյական մեղքը կատարվածի համար, Վահեի ընտանիքի մոտ ներում գտնելու համար, ինչին մի օր արժանանալու հույս էր հայտնում իր հայտարարության մեջ: Մյուս կողմից, հասկանալի է, որ էմոցիոնալ որոշակի ֆոնի պարագայում Հայրապետյանի մասնակցությունը կարող էր տարբեր ընկալման եւ արձագանքի արժանանալ, ինչը աննպատակահարմար դարձներ մոմավառության մասնակիցների շարքում հայտնվելը: Բայց ողբերգությունից հուզված, Վահեի ընտանիքի աչքերին նայելու մասին մտածող Հայրապետյանը կարող էր գոնե չհայտնվել ոստիկանության շարքերում եւ չպաշտպանել իր Հարսնաքարը մոմավառությունից: Ինչի՞ց էր վախենում Հայրապետյանը, ումից եւ ինչից էր նա հուլիսի 8-ի երեկոյան պաշտպանում իր Հարսնաքարը ոստիկանների հետ միասին: Պաշտպանում էր մոմերի՞ց, որ Վահեի հիշատակին էին վառվելու, թե պաշտպանում էր Հարսնաքարի պատերին “հանցաքար” հերթական գրառումներից: Բայց չէ որ նույն այդ ռեստորանում կատարված դաժան, բարբարոս սպանությունից այդքան հուզված Ռուբեն Հայրապետյանը պետք է որ չմտածեր իր ռեստորանի պաշտպանության մասին: Ավելին, այն հուզման պայմաններում, որ արտահայտել էր իր հայտարարության մեջ, նա թերեւս պետք է սպասեր եւ հուսար, որ կգան ու կքանդեն Հարսնաքարը, մոմերով կայրեն Հարսնաքարը, իսկ ինքը կընդունի այդ “զոհաբերությունը”, որովհետեւ այդ Հարսնաքարում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները զոհաբերեցին երկու անմեղ երեխաների երիտասարդ հոր կյանքը: Հարսնաքարի ավերակները կամ մոխիրները կարող էին լինել Հայրապետյանի ապաշխարանքի մի փոքր դրսեւորում: Ավելին, նա ինքը թերեւս պետք է իր ձեռքով քանդեր կամ այրեր Հարսնաքարը, կամ այն վերածեր աղքատների ու անտունների ապաստանի, կամ բարեգործական ճաշարանի, կամ գոնե մի մատուռի, որտեղ ամեն օր կգար Վահեի հոգու համար աղոթքի: Բայց քանի որ իր ձեռքը չէր գնում, Հայրապետյանը պետք է որ գոնե աղոթեր, որ մոմավառության եկողներից ինչ որ մեկի ձեռքը գնար դրան: Բայց Հայրապետյանը եկել էր պաշտպանելու Հարսնաքարը, պաշտպանելու իր բիզնեսը, պաշտպանելու այնտեղ զվարճանքի, ճոխության, պերճանքի իրավունքը, ու իր հետ բերել էր մի ամբողջ ոստիկանություն: Երեւի Հայրապետյանն էր բերել ոստիկանությանը, այլապես եթե ոստիկանությունն ինքը գար, ապա աստվածավախ ոստիկանապետ Վովա Գասպարյանն իր ծառայողներին Հարսնաքար կուղարկեր մոմերով, ոչ թե կարմիր բերետներով: Հայրապետյանի ու ոստիկանության միասնական ուժերը պաշտպանեցին Հարսնաքարը Վահե Ավետյանի հիշատակից, եւ կարող են այլեւս հուլիսի 8-ը նշել որպես Հարսնաքարի պաշտպանության օր: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: