Monday, July 2, 2012

Քրեաօլիգարխիկ սիստեմի լուծումը ժողովրդի ինքնակազմակերպումն է․ Գարեգին Չուքասզյան

1in.am. 2-7-2012- Քաղում ենք Հայաստանում հաստատված գողական նորմերի պտուղները: Այս
մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը՝ անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպին: Ըստ նրա՝ հասարակության համբերության բաժակի վերջին կաթիլներն են լցվում, փաստորեն: Սակայն Գարեգին Չուքասզյանի կարծիքով՝ այս դեպքն առանձնանում է նրանով, որ անպատժելիության մթնոլորտում գողական նորմերի և բարքերի հարվածը եղավ մեր պետականության ամենաարժեքային բանակին, որովհետև այստեղ սպա է մահացել, այն էլ՝ բժիշկ սպա: «Սա խոսում է, որ շատ վտանգավոր չափերի է հասել այս երևույթը, և հնարավոր չէ ուղղակի լռել: Ժողովուրդը մտել է ինքնակազմակերպման գործընթացի մեջ: Սա է ճանապարհը լինելու՝ այս երևույթներից ազատվելու: Քրեաօլիգարխիկ սիստեմի, որը քաղցկեղի նման Հայաստանն իր ձեռքն է վերցրել, լուծումն այն է, որ ժողովուրդն ինքնակազմակերպվի և վերջապես գիտակցի, որ ինքը պետք է պետություն ստեղծի: Սա պետություն չէ, որն իր ամենաբազային արժեքներին չի կարողանում տեր կանգնել: Մի քանի ամիս առաջ ակնհայտորեն Ռուբեն Հայրապետյանն իր ինտերվյուի ընթացքում ասել էր, որ ինքն է դատավորը և ինքն է որոշում՝ ում ծեծի, ոնց ծեծի, ով է մեղավոր։ Հիմա դրա պտուղներն ենք մենք քաղում: Այն գողական նորմերի, որոնք տարածված են Հայաստանում»,- մեկնաբանեց Գարեգին Չուքասզյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Վահե Ավետյանը շուրջ 13 օր կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո երկու օր առաջ մահացավ: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կան կալանավորվածներ:

No comments: