Wednesday, August 8, 2012

«Թուրքական անվտանգության ուժերը 24 տարում սպանել են ավելի քան 500 անչափահասի». The Guardian

1in.am. 8-8-2012- Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian թերթը Թուրքիայի համար շոկային տեղեկատվություն է հրապարակել: Ըստ դրա՝ օգոստոսի 4-ին Ադանայի պետական հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել 11-ամյա Մազլում Աքայը, ով հուլիսի 29-ի երեկոյան անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով գազային ռումբի հարված է ստացել իր գլխին: Մազլում Աքայի՝ այս շաբաթ տեղի ունեցած հուղարկավորման արարողությանը մասնակցել է 1500 մարդ: Բրիտանական թերթի հաղորդմամբ՝ Մազլում Աքայը դրանով իսկ հանդիսացավ 1988 թվականից սկսած թուրքական անվտանգության ուժերի կողմից սպանված 501-րդ անչափահասը: Մինչդեռ Թուրքիայի Մարդու իրավունքների միության Անչափահասների իրավունքների հանձնաժողովն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ վերջին 24 տարում պետական ուժերը սպանել են նվազագույնը 552 երեխայի: Հիշեցնենք, որ թեև ներկայումս Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ստեղծվել է 1978 թվականին, Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին: Թուրքական իշխանություններն էլ ցայժմ չեն հրաժարվել անչափահաս քուրդ երեխաներին որպես ապագա PKK-ականներ դիտարկելու և նրանց հալածելու իրենց քաղաքականությունից, որի բաղկացուցիչ մասերից մեկն այն է, որ «քար նետող» քուրդ երեխաները հաճախ ավելի խիստ պատժաչափ են ստանում, քան՝ PKK-ի զինյալները:

No comments: