Saturday, August 25, 2012

Քրիստոսը, Ահմադինեժադը ԵՎ Թեհրանի ՀԹ Թեմական խորհուրդը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 10-ին, Թեհրանում, ՙԿանայք և իսլամական զարթոնքը՚ միջազգային համագումարի բացման իր ելույթում, ի միջի այլոց, հայտարարեց. ՙՍիրելիներս, իսլամը համաշխարհային մի կրոն է և Աստված մեկ կրոն ավել չի ուղարկել: Աստված քրիստոնեություն և Մովսիսականություն անուններով կրոն չի ուղարկել: Հայր Աբրահամը իսլամի մունետիկն էր, մեծարգո Մովսեսն ու մեծարգո Հիսուսը նաև իսլամի մունետիկներն էին՚: Եվ շեշտեց, որ. ՙԱստված միայն մեկ կրոն է ուղարկել և դա իսլամն է՚: Նախագահի այս հայտարարության առիթով, հուլիսի 16-ին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը մի նամակով դիմեց նրան, հույս հայտնելով, որ վերոնշյալ ՙտեսակետները հետևանքը լինեն մամուլի կողմից թույլ տրված թյուրիմացության՚: ԻԻՀ Նախագահին հղված Թեմական խորհրդի նամակում, ի մասնավորի, ասվում էր. ՙԼավածանոթ լինելով Ձեր մտավոր անհատականությանն ու նկարագրին` հուսով ենք, որ Ձեր անունից արտացոլված տեսակետները հետևանքը լինեն մամուլի կողմից թոյլ տրված թյուրիմացության և վստահ ենք, որ դրանց սրբագրումը կանխելու է ԻԻՀ վարչակարգի թշնամիների հետագա քարոզչական չարաշահումները: Մեկ անգամ ևս շեշտում ենք ԻԻՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը` աստվածային կրոնների հետևորդների միջև կառուցողական և դրական համագործակցություն ամրապնդելու նպատակով՚: Իսկ, ընդամենը, երեք օր հետո, հուլիսի 19-ին, ՙՄզկիթի միջազգային օր՚ 10-րդ համագումարի ընթացքում, նախագահ Ահմադինեժադը քրիստոնեությանն ու մովսիսականությանը ՙմիջազգային բռնատիրության դուքան՚ անվանելով, ասաց. ՙԵթե այսօր մեծարգո Մովսեսը և մեծարգո Հիսուսը գան ժողովուրդներին դեպի իսլամ են հրավիրելու, քանզի վերջին մարգարեն իսլամի մարգարեն էր: Եվ ինչպես Աստված է ասելª միայն մեկ կրոն է ուղարկվել և դա իսլամն է: Նոյը, Աբրահամը և բոլոր մյուս մարգարեները ևս մուսուլման են եղել և եթե մի մարգարե մուսուլման չլինի նա չի կարող մարգարե լինել՚: Համայնքի պաշտոնական ներկայացուցիչը համարվող ԹՀԹ Թեմական խորհուրդի նամակը փաստորեն մնաց անպատասխան, մյուս կողմից Թեմականը վերոնշյալ իր նամակով նոր խոսք ասելու հնարավորությունը խլել էր իրենից, ուստիև պարտավորված շարունակում է լռել: Սակայն նկատի ունենալով երկրում տիրող մթնոլորտը և հարգանքը քրիստոնյաների և հատկապես հայ համայնքի նկատմամբ, նախագահ Ահմադինեժադի արտահայտությունները կրոնների, ի մասնավորի քրիստոնեության վերաբերյալ, դժվար թե ընկալվի որպես երկրի պաշտօնական տեսակետ, բայց և, նկատի ունենալով նախագահի պաշտոնի քաղաքական նշանակությունը, պարտավոր ենք արձանագրել, որ Ահմադինեժադը իր ելույթներով վիրավորել է աշխահրի ամենաշատ հետևորդ ունեցող կրոնինª Քրիստոնեությանը, երբ նույնիսկ Ղուրանը մեծ հարգանքով է խոսում նրա մասին: Անընդունելի են նախագահի նման մոտեցումնները, անգամ եթե դա իր անձնական կարծիքն է: Ուստի Իրանի բարձրաստիճան հոգևորականներից պահանջում ենք իրենց դրական միջամտությամբ լուծում տան այս խնդրին: Մ. Քեշիշյան «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 օգոստոսի 2012թ.:

No comments: