Saturday, August 25, 2012

Ի՞նչ է անցնում իրանահայ ՙազգային՚ կառույցներում

Անցած ամիսների ընթացքում բավական կարևոր անցուդարձեր են արձանագրվել աշխարհի տարբեր ծայրերում,
Հայաստանի և Արցախի հանրապետություններում, հայոց բռնագրավյալ հողերում, Սփյուռքի հայկական համայնքներում ու նաև իրանահայ համայնքում, որոնց հնրավորինս սահմաններում անդրադարձել ու լուսաբանել ենք: Ցավում ենք, որ ժամանակավրեպության պատճառով համարից դուրս են մնում Թեմական խորհրդի մայիսի 27-ի մամուլի ասուլիսը և Պատգամավորական ժողովի 33-րդ և 34-րդ նիստերը: Հիշատակենք միայն, որ Թեմականի հետ ասուլիսի ընթացքում մամուլի ներկայացուցիչների արածարծած հարցերի մեծ մասը մտահոգության առարկա էր նաև Պատգամավորական ժողովում, որի հուլիսի 10-ի և11-ի նիստերի ընթացքում բուն օրակարգը Թեմական խորհրդի մեկամյա գործունեության զեկուցումն էր, իսկ հուլիսի 17-ի նիստը հատկացված էր Հաշվեքննիչ մարմնի զեկուցման: Վերոհիշյալ զեկուցումներից պարզվեց, որ Թեմական խորհուրդը ինչպես նախորդ տարի, դարձյալ բացի առաջ է կանգնած, իսկ Հաշվեքննիչը բողոքում է, որ Թեմականի հաշվեմատյանները կիսատ պռատ են, լրիվորեն չեն ներկայացվում ու մեծ չափով չփակված հաշիվներ կան: Արդյունքում Պատգամավորական ժողովը Թեմական խորհրդին պարտականություն տվեց պարզաբանել խնդիրները: Այս վերջին պարագային ի տես, ՀՅԴ պաշտոնաթերթ` ՙԱլիք՚ օրաթերթի լրագրողուհին, ում պետը Թեմականի փոխատենապետն է, ՊԺ նիստի ընդմիջման ժամանակ դիմում է ԹՀԹ Հաշվեքննիչ մարմնի պատասխանատու Էսիկ Ստեփանյանին, թե` ՙԻ՞նչ եք ուզում էս խեղճ Թեմականի գլխից՚: Ըստ Էսիկ Ստեփանյանի` ՙԱլիք՚-ի լրագրողը ՙահաբեկման է ենթարկել՚ իրեն, ՙազդարարել՚, որ ՙԱլիք՚-ում կգրվի իր մասին՚: Իսկ ի՞նչ կա քուլիսների հետևում. Նախորդ թեմական խորհուրդները ազգային բյուջեից պարտքով մեծ գումարներ են տվել Դաշնակցություն կուսակցության ենթակա կառույցներին` ՙԱլիք՚ օրաթերթին, նոր շենքի կառուցելու համար` 900 միլիոն ռիալ, ՀՄՄ ՙԱրարատ՚ կազմակերպության, ՙԱսթան Ղոդս Ռազավիին՚ վարձավճար փոխանցելու` երեք միլիարդ ռիալ և նման այլ պարագաներ, որոնք տարիների ընթացքում չեն վերադարձվել ազգային սնդուկ և ինքնաբերաբար մեծ բացի առջև կանգնեցրել թեմին: Կան նաև չփակված հաշիվներ` ՙԹունյան՚ դպրոցի հին շենքի քանդելու և նոր շինության, ՙՄերի Օհանյան՚ ազգապատկան շենքի, Մաշհադի հայկական պասաժի, ՙԱրամ՚ ազգային սրահի, ՙդոկտ. Սոլթանի՚ ազգ. կալվածի, և այլնի պարագային: Մյուս կողմից թեմականն ու նրա հաշվապահը, տարբեր պատրվակներով, հաշիվ չեն տալիս Հաշվեքննիչ մարմնին, ներկայացվածներն էլ խնդիր ունեն կամ կիսատ պռատ են, ինչպես ասում է Հաշվեքննիչ մարմնի պատասխանատուն: Արդարև, այս և նման հարցերի համար Է, որ Էսիկ Ստեփանյանը պատասխանատվության է կանչում Թեմական խորհրդին, իսկ Թեմականը պատասխան տալու փոխարեն, դիմելով Պատգամավորական ժողովին ասում է` այդ գումարները նախկին թեմականներն են տվել, բացերը նրանք են ստեղծել, հիմա դուք ասեք, մենք այդ հարցը քննարկե՞նք և պատասխան տանք թե ոչ: Վերջում Պատգամավորական ժողովը Թեմական խորհրդին հանձնարարեց պարզել քննարկված գումարների հարցը: Իսկ ՙԱլիք՚-ի լրագրողը, ով ահաբեկել էր Հաշվեքննիչ մարմնի պատասխանատուին, երբ չհասավ իր նպատակին, ինչպես խոստացել էր իր թերթի օգոստոսի 16-ի համարում զրպարտեց Է. Ստեփանյանին…: Ո՞վ է մեղավոր, սանձարձակ լրագրողը, թե՞ նրան վարձատրողները: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 օգոստոսի 2012թ.:

No comments: