Sunday, August 26, 2012

Որո՞նք են հայ ծնողների սխալները երեխա դաստիարակելիս. խորհուրդներ հոգեբանից

News.am. 26-8-2012- Ամենուր կարելի է լսել` «երեխաները մեր ապագան են», «երեխաների համար` ամեն ինչ», «ինչ անում ենք, անում ենք մեր երեխաների համար» եւ այլ արտահայտություններ: Սակայն, ամեն ինչ երեխաների համար անելու ցանկությամբ ծնողներն այնպիսի սխալներ են թույլ տալիս նրանց դաստիրակության հարցում, որ դրանք կարող են ճակատագրական լինել թե իրենց, թե երեխաների կյանքում: Ուստի, պետք չէ երեխաների համար ամեն ինչ անել, բավական է նրանց ճիշտ դաստիարակել, ինչը կերաշխավորի թե երեխայի` իր կյանքում տեղը գտնելը, կայանալը, թե ծնող-երեխա բարիդրացիական եւ փոխադարձ երախտագիտական հարաբերությունները: Հայաստանում ծնողների մոտ 30 տոկոսը սխալ է դաստիարակում երեխաներին, տղամարդկանց 80 տոկոսը ընդհանրապես չի մասնակցում երեխաների դաստիարակությանը, ինչը ամենամեծ բացթողումներից է, իսկ տատիկ, պապիկներն էլ հաճախ ոչ թե դաստիրակում են երեխային, այլ` երես տալիս ու փչացնում: Այսպիսի եզրահանգման է եկել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը իր պրակտիկայի ընթացքում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխա դաստիարակելիս հայ ծնողների, մասնավորապես` մայրերի թիվ մեկ սխալը գերխնամքն է: «Նկատի ունենք, որ ծնողը ուզում է, որ երեխան շատ ուտի, որ երեխան չմրսի, որ երեխան ամեն ինչ ճիշտ անի` փողոցը ճիշտ անցնի եւ այլն: Հատկապես մեր մայրերը սուպերմայրեր են, չափից դուրս մայր են, նրանց հիմնական չափանիշը երեխային բամբակի մեջ պահելն է, այն դեպքում երբ դաստիարակության իմաստը երեխային ինքնուրույն դարձնելն է»,- նշեց նա: Գերխնամքը կարող է հանգեցնել բավական լուրջ խնդիրների, օրինակ` երեխան դառնում է անինքնուրույն, նեւրոտիկ, ծայրահեղ դեպքում կարող է նույնիսկ հոգեկան ծանր հիվանդության պատճառ դառնալ: Դրա փոխարեն` ռուսները անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ, ինչը ծայրահեղություն է, իսկ լավագույն տարբերակը, հոգեբանի խոսքով, այդ երկուսի միջինն է: Հայ ծնողների հաջորդ սխալն երեխաների փոխարեն որոշումներ կայացնելն է: «Ծնողներն են ծրագրավորում երեխաների կյանքը, նրանք են որոշում, թե երեխան ում պետք է սիրահարվի, ինչ մասնագիտություն պետք է ընտրի, մինչդեռ ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող որոշել եւ առավել եւս` կրել այդ որոշման պատասխանատվությունը, դրա հետեւանքները անդառնալի են լինում»,- ասաց հոգեբանը: Ի դեպ, ծնողները եւ երեխաները հոգեբաններին ամենաշատը դիմում են հենց այդ խնդրով` երեխաներին ինքնուրույն չթողնելու, նրանց փոխարեն որոշումներ կայացնելու համար հատկապես` սիրային հարցերում: Հենց այս թեմաներ շուրջ էլ առաջանում են հայ ծնողների-երեխաների կոնֆլիկտը: Փաստորեն` երեխաներին սխալ դաստիարակելիս անհնար է խուսափել ծնող-երեխա «պատերազմներից», որոնք ի հայտ են գալիս դեռահասության եւ ճգնաժամային տարիքներում, օրինակ` 3-4 տարեկանում: Մյուս սխալը, որ թույլ է տրվում հայ ծնողների կողմից, ավտորիտար դաստիարակությունն է, այսինքն` երբ ծնողը միշտ ճիշտ է, իսկ երեխան` միշտ սխալ: Հայ ծնողների կողմից թույլ տրվող կարեւոր սխալներից է նաեւ երեխայի բոլոր կամակորությունները, ցանկությունները կատարելը, եւ դա անում են ոչ թե երեխայի համար, այլ ինքնահաստատվելու համար: «Օրինակ` 16 տարեկան երեխային մեքենա են գնում, ի՞նչ է, թե ասեն, որ տես մենք հարեւանից լավ ծնող ենք` ինքը մեքենա չի գնում երեխայի համար, մենք գնում ենք: Մինչդեռ հայ ծնողները պետք է հասկանան, որ պահանջմունքի առաջացման եւ դրա բավարարման միջեւ պետք է ընկած լինի տանջանքը»,- ասաց հոգեբանը` շեշտելով, որ հայ ծնողները ցանկանում են, որ երեխաները հնարավորինս շատ կախված վիճակում մնան իրենցից:

No comments: