Wednesday, August 29, 2012

Ինչու Սարգսյանը չգնաց Թեհրան

«Լրագիր» 29-8-2012- Ինչու՞ Հայաստանը որոշեց Չմիավորված երկրների շարժման Թեհրանում կայանալիք Վեհաժողովին մասնակցել ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի մակարդկով: 2012 թվականի հուլիսի 10-ին իրանական Fars news գործակալությունը տեղեկություն տարածեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է օգոստոսի վերջին Թեհրանում Չմիավորվածների շարժման Վեհաժողովին մասնակցելու մասին Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: Հրավերը Սերժ Սարգսյանին էր փոխանցել Իրանի ներքին գործերի նախարարը, որ այդ ժամանակ այցելել էր Հայաստան: Հետաքրքրական է, որ պաշտոնական Երեւանը չհերքեց իրանական գործակալության այդ տեղեկատվությունը: Եվ ահա, օգոստոսի 29-ին տեղեկություն է տարածվում, որ Իրան մեկնում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանը փոշմանե՞լ է, թե Հայաստանը չէր էլ որոշել, որ Իրան կմեկնի Սերժ Սարգսյանը, պարզապես հրավերն ընդունելու մասին տեղեկատվությունը լռության էր մատնել, ամեն ինչ վերջին պահին որոշելու համար, չիմանալով, թե ինչ կլինի կամ չի լինի աշխարհում մինչ Չմիավորվածների թեհրանյան Վեհաժողովը: Իսկ այդ ընթացքում եղան որոշակի հետաքրքրական զարգացումներ, այդ թվում նաեւ Հայաստանին անմիջական առնչություն ունեցող: Ընդհանրապես, վերջին երեք-չորս ամիսների ընթացքում բավական ինտենսիվ էին պատվիրակությունների շփումները թե հայ-իրանական, թե հայ-ռուսական ուղղությամբ: Հայաստան ժամանեցին իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ Հայաստանի արտգործնախարարն էլ մեկնեց Թեհրան: Երեւանը դարձել էր նաեւ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցելության վայր: Իրար հետեւից Հայաստան եկան ՌԴ Պետդումայի երկու պալատների նախագահները, նաեւ ՌԴ ներքին գործերի նախարարը, ՌԴ նախագահի ներկայացուցիչը: Այդ ամենի “գագաթնակետը” թերեւս օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանի այցն էր Մոսկվա եւ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից հետո, Ռոյթերը հրապարակեց մի հոդված, որտեղ խոսվում էր այն մասին, որ հայկական բանկային համակարգի միջոցով Իրանը կարողանում է ֆինանսական օպերացիաներ անել իր միջուկային ծրագրի ֆինանսավորման համար: Փաստացի, Հայաստանի հասցեին ուղղակի մեղադրանք էր հնչում Իրանի միջուկային ծրագրին, ի հեճուկս միջազգային պատժամիջոցների, աջակցելու համար: Պաշտոնական Երեւանը Ռոյթերի այդ հրապարակմանը արձագանքեց ԿԲ հայտարարությամբ, բայց, հեղինակավոր լրատվամիջոցը կարծես թե որեւէ կերպ չհերքեց իր հրապարակման մեջ ամրագրած տեղեկատվությունը: Իսկ Հայաստանի իշխանությունն էլ կարծես թե առանձնապես չփորձեց հետամուտ լինել հերքման: Մինչդեռ, թվում է, որ արձագանքը պետք է լիներ առնվազն հերքման տեքստի պահանջով, քանի որ աշխարհում բավական հեղինակավոր լրատվամիջոցի հոդվածը Հայաստանը փաստացի դնում է մի հարթության վրա, որը բավական ռիսկային է զարգացած աշխարհի հետ հարաբերության տեսանկյունից: Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը նախընտրեց ավելորդ պահանջներով չգեներացնել թեման, այլ պարզապես անել հետեւություն եւ «բաց թողնել» Չմիավորված երկրների Վեհաժողովը Թեհրանում: Առավել եւս, որ Վեհաժողովին նախագահի մակարդակով մասնակցությունն առնվազն տարօրինակ կարող էր լինել այն ֆոնին, որ Հայաստանը նախագահի մակարդակով բաց է թողնում ՆԱՏՕ-ի երկու Վեհաժողովները: Ներկայում Արեւմուտքի հետ հարաբերությունն առաջնահերթություն դարձրած պաշտոնական Երեւանի համար դա կարող էր լինել փայտի չափից դուրս բեկում, ինչը կարող էր ավարտվել կոտրվածքով, որը հետո որքան էլ վերականգնվեր, միեւնույն է կմնար անջնջելի հետքը: Այսինքն, այստեղ ոչ այնքան հայ-իրանական հարաբերության խնդիր է, որքան աշխարհում Հայաստանի տեղի ու դերի, ու նաեւ տարածաշրջանում առաքելության հարց: Եվ այստեղ էլ խնդիրն այն չէ, որ Հայաստանը պետք է ձգտի չբարկացնել ուժեղներին կամ ուժեղին: Այստեղ ուժեղին դուր գալու հարց չէ, այլ սեփական տեղը, դերն ու առաքելությունը պատկերացնելու եւ դրա համար պատասխանատվություն դրսեւորելու: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությանը, ապա այստեղ իրավիճակը բավական նուրբ է, եւ Արեւմուտքի նախազգուշացումներն ու ակնարկները ավելի շատ ոչ թե դրան են ուղղված, այլ մեկ այլ՝ առավել գլոբալ հանգամանքի: Արեւմուտքի համար թերեւս պարզ է, որ Հայաստանն Իրանի հետ չի կարող ունենալ այն ծավալի հարաբերություն, որը կարող է Իրանի համար ապահովել միջազգային պատժամիջոցների էական ճեղքում, կամ տնտեսական իրավիճակի շոշափելի փոփոխություն: Բայց, իրավիճակն այլ կլինի, եթե Հայաստան-Իրան հարաբերության անվան տակ իրականում կառուցվի Ռուսաստան-Իրան հարաբերություն, իսկ Հայաստանն ընդամենը դառնա միջնորդ, ընդ որում ոչ այնքան միջնորդ օղակ, որքան ընդամենը միջնորդ հարթակ: Այդ իրողության լավագույն վկայությունը Հայաստան-Իրան գազամուղն է, որը դեռ կարգին չկառուցված եւ չշահագործված, անմիջապես հանձնվեց Ռուսաստանին, եւ այդպես էլ մինչեւ այժմ անհասկանալի է, թե Հայաստանն այդ իսկապես ռազմավարական նախագծից ինչ առարկայական շահ ունեցավ նույն այդ ռազմավարության իմաստով: Այդպիսով, Արեւմուտքի խնդիրը խոշոր հաշվով թերեւս ոչ թե հայ-իրանական հարաբերության հետ է, այլ այդ հարաբերության քողի տակ իրականում Ռուսաստան-Իրան հարաբերության: Այլապես, հայ-իրանական հարաբերությունը ռազմավարական իմաստով ծավալային վտանգի կամ մտահոգության էական ռեսուրս չունենալով, Արեւմուտքի համար նույնիսկ կարող է ողջունելի եւ խրախուսելի լինել, եթե իրականում հանդիսանա այդպիսին եւ Հայաստանին հնարավորություն տա դիվերսիֆիկացնել տնտեսական, ռեսուրսային եւ ենթակառուցվածքային միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: