Wednesday, August 22, 2012

Իրանի երկրաշարժից Մեղրիում տներ են վնասվել

Panorama.am. 21-8-2012- Երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաև Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում: Մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս են կրել, սակայն դա իրենից մեծ վտանգ չի ներկայացնում: Առավել տուժել են Մեղրիի տարածաշրջանի Վարդավար, Գուդեմնիս, Կուրիս գյուղերի մեկ և երկու հարկանի մի քանի առանձնատներ, որոնք հողաշեն են` կառուցված 100-120 տարի առաջ, երբեք չեն ամրացվել: Մասնագետների հավաստմամբ դրանց վնասվելու հավանականությունը նման ցնցման դեպքում շատ մեծ է եղել: Այս առանձնատները հիմնականում ամառանոցներ են, որոնց տերերը Ագարակի և Մեղրիի բանկիչներ են: Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականցրել նաև Կապանում, դարձյալ անհատական տներում, քանի որ ահազանգեր բարձրահարկ շենքերի բնակիչներից չեն ստացվել: Կապանում լուրջ վնասներ կրել է մեկ առանձնատուն: Ուսումնասիրություններ չեն կատարվել Սիսիանի տարածաշրջանում, քանի որ դրա կարիքը չի եղել: Հանձնաժողովն ուսումնասիրությունների ավարտից հետո կկազմի եզրակացություն, որը կներկայացվի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարություններին: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ:

No comments: