Thursday, August 9, 2012

Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը փոփոխվում է

News.am. 9-8-2012- Նկատի առնելով, որ 1998 թ. ընդունված գործող օրենսգիրքը կիրառվում  է ավելի քան տասը տարի, երբ երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, ՀՀ կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության եւ լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում հավանություն է տրվել օրենսգրքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային եւ մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին եւ այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը եւ կենտրոնական բանկը, մինչեւ օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը, մեկ անգամ եւս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։ Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի ընդունումը, ըստ հեղինակների, կվերացնի այս եւ «Կրթության մասին» օրենքի անհամապատասխանությունը։ Կառավարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։ Հաջորդ նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է, միտված է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով եւ լրացումներով այն համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։ Գործադիրը մի շարք առաջարկներ է արել, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում։ Կառավարությունն այս դեպքում եւս ունի առաջարկություններ, որոնց ընդունմամբ ընդունելի կհամարի օրինագիծը։ Կառավարությունը որոշել է իր նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած ութ օրենքի նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Գործադիրը նաեւ նպատակահարմար է համարել ԱԺ-ում գտնվող չորս օրինագծերի, աննպատակահարմար` մեկ օրինագծի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

No comments: