Tuesday, August 21, 2012

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը` տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության հիմք. Foreign Policy

Tert.am. 21-8-2012- Ամերիկյան Foreign Policy հանդեսը զինվորականի և իրավիճակը ներսից իմացողի աչքերով վերլուծել է Հարավային Կովկասի երկրների միջև հակամարտությունների հնարավորությունը, ինչպես նաև` նույն երկրների դերը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության հարցերում: Հոդվածագիր` գեներալ-լեյտենանտ Մարկ Փ. Հերթլինգ: «Կովկասը, որ պատմականորեն բախման թիրախ է եղել Եվրոպայի և Միջին Արևելքի միջև, մնում է անվտանգությանը վերաբերող մտահոգությունների մի բարդ թնջուկ: Էթնիկ լարվածությունը դեռ ազդում է վաղեմի տարածքային վեճերի վրա, տեղահանված բնիկները հարմարվում կամ հակադրվում են հզոր սփյուռքերին, և աճող նոր հարուստները` նավթային վերին դասը, գլուխ է բարձրացնում մի տարածաշրջանում, որ ժամանակին հայտնի էր իր անհուսալի չքավոր վիճակով»,- դիտարկման նախաբանում գրում է Հերթլինգը: Ըստ հոդվածագրի` մինչ Մինսկի խումբը փորձում է հակամարտության քաղաքական լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի ներսում և դրա շուրջ, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են դժգոհ մնալ քաղաքական կամքի անբավարարությունից: Վրաստանի վերջին` ռուսաստանյան փորձառությունը զգալի սահմանային սպիներ է թողել, որոնք ըստ ամենայնի առաջիկայում չեն լավանա, մանավանդ որ Վրաստանը հուսահատորեն ՆԱՏՕ-ի անդամակցություն կամ եվրաընդունելություն է փնտրում: Դե իսկ Իրանի հարաբերությունները Իսրայելի հետ շփոթմունքի են մատնում անգամ փորձագետներին: Հայ-թուրքական սահմանի հարցը փորձագետը «երկու երկրների բազմաթիվ սերունդների միջև շարունակվող բանավեճերի թեմա» է բնորոշում: Գեներալ-լեյտենանտ Հերթլինգը պատմում է, որ հակամարտության հնարավորությունները այս պայմաններում այնքան հավանական են թվում, որ մի քանի տարի առաջ ամերիկյան բանակում մայորներին անսպասելի ռազմական զարգացումների էին նախապատրաստում Կովկասին վերաբերող սցենարներով: Նույն ամերիկյան բանակում հանձնարարությունների կուրս կա, որ կոչվում է GAAT-ի (Georgia-Armenia-Azerbaijan-Turkey` Վրաստան-Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա): Հերթլինգը հիշում է, որ իր երիտասարդ համհարզը, Կովկաս այցելելով, տարբեր սերունդների զինվորականների ու առաջնորդների հետ շփվելով, զարմանք է հայտնել, և մեջբերում է նրա խոսքը. «Սա, ախր, շատ է տարբերվում այն ամենից, ինչ ես սովորել եմ Կանզասում` Լիվենուրթի մեր լսարաններում»: Այդ կին զինվորականը ասել է, որ նախքան GAAT պարապելը լավ կլիներ GAAT-ի երկրներ այցելել: Ըստ բարձրաստիճան զինվորականի` GAAT-ի երկրները ինտեգրող ուժեր են ՆԱՏՕ-ում: Նրա գնահատականով` բարելավվում են «տարածաշրջանի անվտանգության գլխավոր մարտահրավերները խաղաղ կարգավորելու պոտենցիալը»: Հայաստանը ցանկություն է հայտնել իր ուժերն ուղարկել Կոսովոյի խաղաղարար գործողություններին` ամերիկյան հրամանատարության ներքո: Հեղինակը նկատում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտություն» անունով երևույթին, Հայաստանն ու Ադրբեջանը երկուսն էլ բրիգադային չափերի խաղաղարարական և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի զորամիավորումներ են ստեղծել, որոնք Աֆղանստանում գործում են գերմանական և թուրքական հրամանատարության ներքո: Սա ամերիկացի զինվորականը որակում է «հույժ դրական զարգացում»: Նա ընդգծում է, որ այս միավորները ստեղծվել են ոչ ԼՂ հակամարտության նկատառումով, որ դրանցում պրոֆեսիոնալ զինվորականներ են, որոնց առաջնորդում են արևմուտքում կրթված, անգլախոս սպաներ: Նրանք, ըստ գեներալի, նաև ավելի լավ են պատրաստված, քան ԼՂ շփման գոտու ուժերը: Հերթլինգը նկատում է, որ «վրաց, հայկական և ադրբեջանական ավելի երիտասարդ զինվորական տարրերը, որոնցից շատերը կարևոր պաշտոններ են զբաղեցրել զինուժում, շահեկանորեն տարբերվում են հին խորհրդային կրթությամբ գեներալներից»: Այս բանակները կենտրոնացել են նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմ ստեղծելու վրա, և դա առաջընթացի ամենանշանակալի դրսևորումներից է: «Տեսած լինելով հակամարտության պոտենցիալը և հակամարտության լուծման միևնույն մեթոդները, ես խանդավառված եմ անվտանգության և հակամարտությունների լուծման այն ապագայով, որն ունի Կովկասը»: Նա նշում է, որ չնայած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբերություններին, բանակում շեշտը դրվում է պրոֆեսիոնալիզմի և բարեփոխումների վրա, ինչը առավել խաղաղ անվտանգություն է խոստանում այդ երկրների ազգաբնակչությանը: «Ամերիկայի շարունակական աջակցությամբ Կովկասը կմնա կայուն, հուսալի, փոխգործակցող գործընկերներով աղբյուր, որոնք տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապագայի հիմքն են». եզրափակում է հոդվածագիր գեներալը:

No comments: