Tuesday, August 21, 2012

Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները. Reuters

Tert.am. 21-8-2012- Միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Reuters գործակալությունը այս հարցի կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի` 3.3 մլն բնակչությամբ այդ լեռնային երկրի հանդեպ, այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայությունները ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը»: «Այսպիսի հարևանը, նախկին Խորհրդային միությունից, որը առևտրային կապերով կապված է Իրանի հետ և աշխատում է սերտ կապեր ստեղծել Եվրոպական միության հետ, կարող է Թեհրանի համար դյուրացնել օտարերկրյա հաճախորդներից ստացվող և նրանց արվող վճարումները թաքցնելու և Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը կանխել փորձող Արևմտյան հետախուզական ծառայություններին խաբելու գործընթացը: Հայ պաշտոնյաները հերքում են Իրանի հետ ապօրինի բանկային հարաբերություններ ունենալու մասին տեղեկությունները: Չնայած դրան` ամերիկյան պաշտոնյաները պարբերաբար իրենց հայ գործընկերներին սպառնում են խստացնել ֆինանսական վերահսկողությունը»,- ասված է հոդվածում: Reuters-ը նաև հիշեցնում է, որ Իրանից Հայաստան գազամուղ է կառուցվում, որի շինարարությունը պետք է ավարտվի 2014 թ-ին, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար: Իրանը օգտագործում է Իրաքի բանկերը` մեծ գումարներ կանխիկացնելու և միջազգային բանկային համակարգ մտցնելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, Արևմտյան հետախուզական զեկույցում որպես Իրանի թիրախ նշվում է հայկական ԱԿԲԱ Կրեդիտ Ագիրկոլ բանկի անունը: Արևմտյան դիվանագետները հաստատում են, որ ԱԿԲԱ-ն Իրանի հետ կապեր ունի: Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը, սակայն ասել է, թե հնարավոր չէ, որ ԱԿԲԱ-ն կապեր ունենա Իրանի հետ: «Հայկական բանկերը ֆինանսավորում են միայն Հայաստանի տնտեսությանը»,- ասել է նա: ԱԿԲԱ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նույնպես հերքել է Իրանին օգնելու մասին լուրերը: «Մենք ֆինանսավորում ենք միայն Հայաստանի տնտեսությանը: Մենք որևէ հարաբերություն չունենք Իրանի հետ և երբեք չենք ունեցել: Ապագայում ևս չենք նախատեսում ֆինանսավորել Իրանին: Այն, ինչ դուք ասում եք, ամբողջովին նոնսենս է»,- ասել է Գիշյանը: Վաշինգտոնը վերջերս հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել է իր մտահոգություններն այն մասին, որ Իրանը կարող է օգտագործելով Հայաստանը շրջանցել պատժամիջոցները: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունիսին, Երևանում կայացած հանդիպման ընթացքում նույնպես խոսել է այս մասին: Մյուս բանկը, որն Արևմուտքի ուշադրության կենտրոնում է, իրանական «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղն է: «Մելլաթի» դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է սկսած 2007 թ.-ից: Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հետախուզության բաժնի ղեկավարի տեղակալ Առաքել Մելիքսեթյանը, հիմնվելով բանկերի տարեկան զեկույցների վրա, ասել է, որ դրա հայաստանյան ակտիվները ավելի քան 50 տոկոսով նվազել են 2010 թ-ի դեկտեմբերի 31-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: «Մելլաթ»-ը կտրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ ֆինանսական շուկաներից և ըստ էության չի համագործակցում հայկական այլ բանկերի հետ: «Մելլաթ»-ի հայկական մասնաճյուղն այլևս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ: Մելիքսեթյանն ասել է, որ բանկի հաճախորդները հիմանականում իրանցիներ են, ովքեր Հայաստանում բիզնես ունեն, հայեր, որոնք Իրան ապրանք են արտահանում և իրանցի և Իրանի հայազգի քաղաքացի ուսանողներ: Թուրքիան ժամանակին նույն իրավիճակում էր, ինչ Հայաստանը: 2010թ.-ին Թուրքիան ապահով էր Իրանի բանկերի համար: Սակայն ամերիկյան ճնշումների հետևանքով ստիպված եղավ խզել կապերը Թեհրանի հետ: Արևմուտքի պնդմամբ` թուրքական բանկերն այժմ ավելի զգույշ են իրանցի հաճախորդների հետ աշխատելիս: ԱՄՆ-ի մտահոգությունները Հայաստանի և իրանական բանկերի պատժամիջոցների վերաբերյալ, նոր չեն: Այդ մասին տեղեկություններ եղել են նաև WikiLeaks-ի հրապարակված փաստաթղթերում:

No comments: