«NEWS.am», 30.09.2012: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին կմեկնի Ստրասբուրգ` առանց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի: Այդ մասին NEWS.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ պատվիրակությանը կմիանա մեկ օր անց: «Երկուշաբթի, Աժ քառօրյայի հաստատումից հետո արտահերթ կերպով քննարկվելու է գլխավոր դատախազի միջնորդությունը`ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ես անպայման պետք է մասնակցեմ: Երեքշաբթի ես կմիանամ արդեն մեր պատվիրակությանը ԵԽԽՎ-ում, քանի որ այնտեղ եւս կարեւոր հարցեր են քննարկվելու, ինչպես նաեւ ես պետք է հանդես գամ ելույթով` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հետ կապված»,-նշեց Զոհրաբյանը: Հոկտեմբերի 1- 5-ը կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հիմնական հարցերից են Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման, Սիրիայում հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցերը: ԵԽԽՎ անդամները նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն: Հայկական պատվիրակությունը Սաֆարովի գործով քննարկման հայտ է ներկայացրել: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամներն են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը: Փոխարինող կազմում են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը եւ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Դավիթ Հարությունյանը:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment