Monday, September 24, 2012

Բաքուն Կասպից ծովի ամենաաղտոտված տարածքն է. Իրանցի բնապահպանների գնահատականը

Panorama.am. 24-9-2012-Ադրբեջանը տարեց տարի ավելի է աղտոտում Կասպից ծովը՝ սպառնալով ծովի էկոհամակարգին: Այդ մասին իրանական «համշահրիօնլայն.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է իրանցի էկոբիոլոգ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ֆաթեմին: Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Կասպից ծովն աղտոտելու խնդրին, նշել է. «Ադրբեջանի կողմից նավթի հիմնական արդյունահանումն իրականացվում է Բաքվի ծոցի և Աբշերոնյան թերակղզու շրջակայքում: Այդ շրջանները համարվում են Կասպից ծովի ամենաաղտոտված տարածքները: Այսպիսով` Ադրբեջանի կողմից աղտոտված ջրերն Ասթարայի կողմից լցվում են Իրանի ջրային տարածք»: Դոկտոր Մոհամմադ Ռեզա Ֆաթեմին, խոսելով Ադրբեջանի նավթի արդյունահանման տեխնիկայի անմխիթար վիճակի մասին, նշել է. «Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել նավթի արդյունահանման համար օգտագործվող հին և մաշված խողովակները, Կասպից ծովն տարեց տարի ավելի կաղտոտվի: Ադրբեջանի կողմից ստանդարտներին չհամապատասխանող նավթի արդյունահանման գործընթացը վերջ չունի»: Նշենք, որ օրերս Իրանի փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադի Զադեն, Ադրբեջանին քննադատելով Կասպից ծովն աղտոտելու մեջ, վերջինիս հորդորել է ուշադրություն դարձնել ծովի ջրային ռեսուրսներին և բնապահպանական խնդիրներին: Այդ առնչությամբ՝ ԻԻՀ Բնության պահպանության կազմակերպության փոխնախագահ Աբդոլռեզ Քարբասին օրերս հայտարարել էր, որ Իրանը որոշել է միջազգային ատյաններին բողոք ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի: Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: