Thursday, September 20, 2012

ՀԲԸՄ-ն կվճարի Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի բնակավարձը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական
բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ Երվանդ Զորյանի և ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայությանը վերաբերող խնդիրներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ տեղեկացավ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը միջոցներ է ձեռնարկում Սիրիայում ապրող կարիքավոր ընտանիքներին սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ապահովելու հարցում: Քննարկվեցին Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրները համակարգելու և անհրաժեշտության դեպքում աջակցության հնարավոր տարբերակները: Պերճ Սեդրակյանը համաձայնեց ՀԲԸՄ-ի տարածքում գրասենյակ հատկացնել, որտեղ կգործի «Սիրիահայերի համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և վճարել նշված կազմակերպության աշխատողների աշխատավարձը: «Սիրիահայերի համակարգող կենտրոնը» դառնալու է այն մարմինը, որտեղ ներկայացվելու, քննարկվելու և անհրաժետ վերլուծության են ենթարկվելու սիրիահայերի առջև ծառացած խնդիրները, ապա ներկայացվելու են ՀՀ սփյուռքի նախարարությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում ապաստանած սիրիահայերի մեծամասնությունը չունի աշխատանք և դժվարություն ունի բնակարանի վարձավճարը մուծելու՝ նախարար Հակոբյանն առաջարկեց աջակցություն ցուցաբերել կարիքավորներին: ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը պատրաստակամություն հայտնեց բնակարանի վարձավճարը մուծելու հարցում աջակցել այն սիրիահայերին, որոնք ապրում են Երևանից դուրս, Հայաստանի այլ մարզերում: Պերճ Սեդրակյանը նշեց, որ ՀԲԸՄ պատրաստ է ֆինանսապես աջակցել նաև այն սիրիահայերին, ովքեր ստանում են հայագիտական ուղղությամբ մասնագիտական բարձրագույն կրթություն և դժվարություններ ունեն ուսման վարձավճարների հետ կապված: Հանդիպման ընթացքում որոշվեց նաև, որ ՀԲԸՄ համապատասխան տարածք կտրամադրի, որտեղ սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան ժամանց և հավաքույթներ անցկացնել, ունենալ ճանաչողական հանդիպումներ հայ հասարակական և պետական գործիչների հետ, քննարկել իրենց հուզող խնդիրները, ինտեգրվել հայաստանյան հասարակական կյանքին: Հանդիպման ավարտին նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման և նշանակալի գործակցության համար: ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

No comments: