Thursday, September 20, 2012

Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել սիրիական խնդրի հանգուցալուծման հարցում Իրանի ցուցաբերած ջանքերը

Panorama.am. 19-9-2012- Սիրիան բարձր է գնահատում սիրիական խնդրի հանգուցալուծման հարցում Իրանի ցուցաբերած անկեղծ ջանքերը: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Դամասկոսում ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Սիրիայի նախագահը, անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձություններին մասնավորապես նշել է. «Մենք կողջունենք արդարացի և հավասարակշռված յուրաքանչյուր նախագիծ, որը կբխի Սիրիայի ժողովրդի և երկրի շահերից»: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Բաշար ալ-Ասադը, բարձր գնահատելով սիրիական խնդրի հանգուցալուծման հարցում Իրանի ցուցաբերած անկեղծ ջանքերը, իր ողջույնն է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև սիրիացի իր պաշտոնակցի՝ Վալիդ ալ-Մուալեմի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Նկատենք, որ ԻԻՀ ԱԳ նախարարը Սիրիա է մեկնել նախօրեին սիրիական խնդրի շուրջ Կահիրեում Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցական հանդիպումից հետո: Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Աքբար Սալեհին Դամասկոսի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ Իրանի եղբայրական և բարեկամական երկիր Սիրիան որքան հնարավոր է շուտ դուրս կգա ներկա ճգնաժամային իրավիճակից:

No comments: