«Լրագիր» 13-9-2012- Ի պատասխան Լիբիայում ԱՄն դեսպանի սպանության, Միացյալ Նահանգների կառավարությունը Լիբիա է ուղարկել ծովային հետեւակների: Նախագահ Օբաման էլ հայտարարել է, որ սպանության մեղավորները անպայման պատժվելու են: Օբաման ունի նոյեմբերին վերընտրվելու խնդիր: Նրա արձագանքն անշուշտ կրում է նախընտրական բնույթ էլ, թեեւ քիչ է կասկածը, որ անգամ ընտրության հեռու լինելու պարագայում ԱՄՆ իշխանությունը վարվեր այլ կերպ: Այլ կերպ վարվելով չէ, որ ԱՄՆ կարողացել է, լինելով աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկը, այդուհանդերձ որպես պետություն հասնել շատ մեծ համաշխարհային դիրքի, տնտեսական, քաղաքական, ռազմական ու մշակութային հեգեմոնիայի: Հայաստանի նախագահը նույնպես ընտրության շեմին է, նա նույնպես ունի վերընտրվելու խնդիր: Ադրբեջանը Հայաստանի դեսպան չի սպանել: Ադրբեջանը ներում էր շնորհել եւ հերոսացրել էր ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպային կացնահարած մարդասպանին: Կարիք չկար Կասպիցի ափին դեսանտ իջեցնել, թեեւ իհարկե հնարավորության դեպքում վատ չէր լինի եւ ավելորդ էլ չէր լինի: Բայց հասկանալի է, որ իր թափով Հայաստանը չէր կարող համեմատվել ԱՄՆ հետ եւ դիմել «ծովային հետեւակին»: Բայց, պետության թափն անվանական հասկացություն չէ միայն: Ինչպես Աստվածաշնչյան հայտնի դրվագում՝ ոմանք տալիս են իրենց ունեցածի մի մասը, իսկ ոմանք էլ՝ ամենը, ինչ ունեն: Համեմատական, անվանական մեծությամբ, այդ ամեն ինչը շատ ավելի փոքր է, քան ունեցածի մի փոքր մասը, բայց դրա արժեքը, կամ այլ կերպ ասած էֆեկտը երբեմն շատ ավելի մեծ է լինում: Այդպես է ոչ միայն հանգանակություններում, այլ նաեւ պետական քաղաքականության մեջ: Անվանական մեծությամբ Հայաստանն իհարկե շատ հեռու է որեւէ տերության հետ համեմատվելուց, բայց պետական քաղաքականության հիմքում մտավոր, արժանապատիվ մեծությունն է, իսկ անվանական մեծությունն՝ ընդամենն այդ ամենի վրա հիմնված գործունեության ժամանակի հետ եկող արդյունք: Մինչեւ «չմեծանա» պետական քաղաքականության մտավոր, արժանապատիվ կողմը, անհնար է պատկերացնել անվանական մեծություն: Այդ տեսանկյունից, պատկերացնենք աներեւակայելի, ֆանտաստիկային մոտ մի իրավիճակ՝ Հայաստանին տրվել է ԱՄՆ անվանական հզորությունը, ու Հայաստանը պետք է արձագանքի համանման իրավիճակին: Ինչ կաներ պաշտոնական Երեւանը: Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ խզում է հարաբերությունը Լիբիայի հետ: Հետո իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի երիտասարդները, փուչիկների գեներալ Կարեն Ավագյանի գլխավորությամբ կգնար Լիբիայի մոտակա դեսպանատուն եւ կփորձեր գյուղմթերքների իրացման տարեկան պլանը կատարել, նպաստելով արտաքին քաղաքականության եւ գյուղատնտեսության ներդաշնակ զարգացմանը, հետո ԲՀԿ-ն կհայտարարեր, որ գյուղմթերքների առնվազն կեսի փողը ինքն է տվել, այսինքն Գագիկ Ծառուկյանը: Հետո Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստ կգումարվեր, որտեղ ընդդիմության «պետական մտածողության» հովանու ներքո կընդունվեր հայտարարություն, որը կդատապարտեր տեղի ունեցածը եւ միջազգային հանրությունից կպահանջեր հանկարծ ավելին չպահանջել Հայաստանից: Հետո Էդվարդ Նալբանդյանը կհայտարարեր, որ Հայաստանը ամսի 17-ին, 21-ին, 27-ին, 31-ին եւ 45-ին խնդրո առարկայի կապակցությամբ դիմել Լիբիայի իշխանություններին, որոնք երդվել են Քադաֆիի գերեզմանով, որ ոչ ոք մտադրություն չունի սպանել Հայաստանի դեսպանին: Նալբանդյանը կհայտարարի, որ Լիբիայի իշխանությունը փաստորեն ծախեց Քադաֆիի գերեզմանը, շոկի մեջ գցելով միջազգային հանրությանը: Վերջում Նալբանդյանը կասի, որ պետք է զգույշ լինել, որպեսզի մեր ոտքերի տակից խալին չտանեն, սակայն հարկավոր է նաեւ ջուր դնել տաքացնելու, որ եթե հանկարծ այդուամենայնիվ խալին տանեն, Հայաստանը ոտքերը գոլ ջրի մեջ դնի՝ չսառչելու համար: Խորհրդարանը կընդունի գոլ ջրի մասին օրենք, իսկ խորհրդարանի օլիգարխներից մեկն էլ կստանձնի գոլ ջրի բիզնեսի մենաշնորհը: Ափսոս, որ այս ամենն առայժմ ֆանտաստիկա է թվում, եւ հասարակությունը չունի հնարավորություն եւս մեկ անգամ զմայլվել հայկական դիվանագիտական մտքի հանճարով: Միեւնույն ժամանակ, թող հասարակությունը զրկվի այդ հնարավորությունից, բայց իհարկե ամենից կարեւորն ու լավն այն է, որ Հայաստանի դեսպանները ողջ եւ առողջ են, ու նրանց բիզնեսներին ոչինչ չի սպառնում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, September 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment