Saturday, September 22, 2012

Իսկ պատերազմին պատրա՞ստ ենք

«Լրագիր» 22-9-2012- «Բազմատարբերակությունը» բավական բարդ ու բազմակողմանի աշխատանք է, եւ ռազմական ու քաղաքական ներկայիս ռազմավարություններն անհնար են առանց զանազան տարբերակների մշակման, որոնք պակաս նշանակություն չունեն, քան ընդհանուր, գլխավոր գաղափարը: Միջազգային ներկայիս պայմանները, երբ ռազմավարություններն  ինքնին դարձել են բավական կասկածելի, առաջացել են գործոններ, որոնք հանգեցրել են ռազմավարությունների, որպես այդպիսիք, դեֆիցիտի եւ բացակայության: Այդ կապակցությամբ, այնքան էլ լուրջ չէր լինի դիտարկել ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ, որպես դետերմինացված եւ երկարաժամկետ կոնցեպտներ: Հարկ է նկատի առնել, որ Հարավային Կովկասն ամենեւին չի առանձնանում այս կամ այն տերությունների ու դաշինքների գերիշխանությամբ եւ առայժմ իրենից ներկայացնում է մի տարածաշրջան, որտեղ բացակայում է արտաքին քաղաքական ազդեցությունների ստացիոնարությունը: Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասն, անշուշտ, համարվում է միջազգային քաղաքականության համակարգայնության տարր, եւ նրա դերն ու տեղն արտահայտում են արտաքին խաղացողների բավական կայուն շահերը: Տարածաշրջանի նման երկիմաստ վիճակը պայմանավորում է ռազմավարական խնդիրների պլանավորման մեջ տարբերակների կիրառումը: Դա նշանակում է ոչ այլ ինչ, քան ծրագրերի լիովին թույլատրելի ճշգրտում, արդեն այս կամ այն էքստրեմալ իրադարձությունների ժամանակաշրջանում, նախեւառաջ՝ ռազմական փուլի կամ պատերազմի ժամանակ: Առաջատար տերությունները ներկայում բավական մոտ են պատերազմի կամ պատերազմական գործողությունների եւ ճգնաժամայաին իրադարձությունների հնարավորության խնդրի եւ շահերի մասով գնահատականին: Թեեւ, տվյալ դեպքում, չկա հայացքների ու շահերի լիակատար համընկնում: Սկզբունքայնությունը համատեղվում է սպեկուլյատիվության հետ, եւ դրանում է առաջատար տերությունների քաղաքականության ոճն ու «կերպարը»: Այս մտորումները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել այն բանին, որ միջազգային հանրության, նախեւառաջ առաջատար տերությունների դիրքորոշումներն ու նպատակները կարող են փոխվել, կախված սպառնալիքների աճից եւ պատերազմի ժամանակաշրջանի սկզբից, իսկ հետո նաեւ ռազմական գործողություններից: Պատերազմական ժամանակաշրջանի առաջացումը, այսինքն ռազմական գործողություններին անմիջական նախապատրաստության փուլը կստեղծեն այնպիսի իրավիճակներ, որոնք կհանգեցնեն ռազմավարությունների տարբերակների վերանայման: Սիրիայի իրադարձությունները պարզապես արտաքին խաղացողների եւ սցենարների հերթով կիրառման դասական օրինակ էին, կախված արդեն առաջացած հանգամանքներից: Ներկայում հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն այս իրադարձությունների ամենասկզբից չուներ գործողությունների որոշակի ծրագիր: Ներկայում այն կա, եւ իրագործվում է, սակայն ակնհայտ է, որ հարկ է լինելու բազմիցս փոփոխել մտադրություններն ու գործողությունները: Կարելի է ասել, որ ռազմական ժամանակաշրջանն արդեն սկսել է, եւ այն կարող է վերաճել կամ չհանգեցնել ռազմական գործողությունների: Այդ պատճառով, հենց ներկայում անհրաժեշտ է առավել ուշադիր դիտարկել առաջատար տերությունների դիրքորոշումները, քանի որ տարածաշրջանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվում արտաքին շահագրգիռ կողմերի դիրքորոշումներին ու շահերին: Նրանց դիրքորոշումներն ու շահերն առայժմ հասկանալի են եւ տրվում են նույնիսկ որոշակի հաշվարկների, նկատի առնելով ժամանակի, ներկայության եւ հակազդեցության պարամետրերը: Սակայն, շատ շուտով, այդ հաշվարկներն ու ընկալումները կարող են հնանալ եւ դառնալ ոչ համարժեք: Հնարավոր է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանն ավելի շահագրգիռ կդառնան սպառնալիքների աճով եւ ռազմական գործողություններով, իհարկե՝ տարբեր պատճառներով: Թերեւս, միայն Ֆրանսիան եւ ի դեմս նրա Եվրոպան առայժմ շահագրգռված չեն ռազմական գործողություններով, ցանկացած սցենարի պարագայում: Դրանով հանդերձ, բնականաբար, գործնականում ամեն ինչ կախված կլինի լարվածության էսկալացիան կանխելու կամ կանգնեցնելու առաջատար տերությունների կարողությունից: Առայժմ ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը, ոչ միջազգային հանրությունը որեւէ քայլ չեն արել ռազմական էսկալացիայի եւ պատերազմի սպառնալիքի սահմանափակման համար: Արդյոք դրանից բխում է, որ ուժի համաշխարհային երկու կենտրոնները եւ շատ այլ շահագրգիռ կողմեր լիովին հնարավոր են համարում պատերազմը, որպես աշխարհքաղաքական փակուղային իրավիճակը հանգուցալուծելու միջոց, որը ձեւավորվել է Հարավային Կովկասի հարցում: Հարց է առաջանում՝ հակամարտության կողմերից ո՞րն է, որ ռազմական գործողությունների տեսանկյունից առայժմ գտնվում է ավելի բարենպաստ իրավիճակում՝ Հայաստա՞նը, թե Ադրբեջանը, բնականաբար, հաշվի առնելով տարածաշրջանում այս կամ այն խաղացողների ներկայությունը կամ բացակայությունը, որը նպաստում է շահերի ծավալմանը կամ սահմանափակում Թուրքիայի ազատության աստիճանը: Լիովին հասկանալի է, որ հենց դա է դառնում վճռորոշ գործոն այն սցենարում, երբ պատերազմը ձեռք բերի մասշտաբային բնույթ: Եւ այստեղից էլ բխում է հարցը՝ հակամարտության ո՞ր կողմն է առավել շահագրգիռ պերմանենտ ռազմական գործողություններ կիրառելու մեջ: Եւ որպես բավական երկրորդական խնդիր, տվյալ սցենարների ֆոնին, ո՞ւմ է ավելի շատ անհրաժեշտ Մինսկի խումբը, որպես բանակցության ձեւաչափ: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը կարող է որքան ուզես ակնարկել կամ հայտարարել Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության մասին: Տվյալ հայտարարություններին Հայաստանում կարող են ուշադրություն դարձնել միայն բավական սահմանափակ «ուսյալները», որոնք հեռու են վերլուծական փորձից եւ իրական ինտելեկտից: Ներկայում, երբ մոտենում է մեր ժողովրդի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակը, լավ կլիներ հիշել եւ կրկին իմաստավորել նրա խոսքերը, որ նա ասել է Շահումյանի շրջանում դժվար օրերին. «Քաղաքականության բարձրագույն ձեռքբերումը հակառակորդին համոզելն է՝ գործելու քո պարտադրած ծրագրերով ու սցենարներով»; «Ռազմավարությունը ապատեղեկատվության միջոց է»; «Պատերազմին պատրաստ ազգի ինտելեկտն ի վիճակի է լուծել քաղաքական եւ ռազմական ցանկացած խնդիր»: Իգոր Մուրադյան

No comments: