Saturday, September 22, 2012

Թուրքիայում հեղաշրջման գործով 320 սպայի դատապարտեցին ազատազրկման

HayNews.am. 22-9-2012- Թուրքիայում կայացվել է «Մեծ մուրճ»  («Բալյոզ») հեղաշրջման ծրագրի գործով անցնող զինվորականների դատավճիռը: Գործով անցնող շուրջ 360 զինվորականից 322-ը պատիժ կկրեն ճաղերի հետևում: Թուրքիայի զինված ուժերի 3 գեներալներ այս գործով դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: 34 սպա արդարացվել է: Հիշեցնենք, որ «Բալյոզ» անունը կրող հեղաշրջման ծրագրող Թուրքիայի զինված ուժերի մի շարք գեներալներ և բարձրաստիճան սպաներ նախատեսում էին տապալել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի իսլամամետ կառավարությունը: Ռազմական հեղաշրջումը նախատեսվում էր կյանքի կոչել 2003 թվականին, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության: Սակայն հեղաշրջումն այդպես էլ մնացել էր թղթի վրա, իսկ նրա մասին հայտնի էր դարձել 2 տարի առաջ, ինչին հետևել էր այս գործով աղմկալի հետաքննությունն ու բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները: Ձերբակալվածները պնդում են, թե «Բալյոզը» Էրդողանի կողմնակիցների հնարած գործն է, որով նրանք փորձում են ճնշել ընդդիմադիր տարրերին: Նշենք, որ թուրք զինվորականների խումբը «Բալյոզ» ծրագրով նախատեսում էր մզկիթներ պայթեցնել, Հունաստանի հետ պատերազմ ձևացնել և մի շարք այլ սադրիչ գործողություններ իրականացնել` Թուրքիայում քաոս ստեղծելու և այդպիսով իշխանությունն իր ձեռքը վերցնելու համար: Հավելենք նաև, որ թուրքական բանակն այդ երկրի աշխարհիկ կարգի գլխավոր պահապանն է:

No comments: