Thursday, September 6, 2012

ԵՊՀ ռեկտոր. Ղարաբաղի հայերը կյանքի երաշխիք չունեն մարդասպանին հերոսացնող երկրում

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բարձր է գնահատվում, եւ դրա նշանակությունը տեսանելի է մեծածավալ բարեփոխումների իրագործման գործընթացում: Այդ մասին այսօր` օգոստոսի 6-ին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենին հետ հանդիպմանը: Իր ելույթում Ա. Սիմոնյանը մասնավարապես ասել է. «Հայաստանի վարած քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու երկրի անվտանգությունն ու հիմնարար արժեքները եւ ամրապնդելու խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում: Վերջին իրադարձությունները` կապված հունգարական իշխանությունների կողմից ադրբեջանցի սպայի հանձնման եւ հետագա ներման հետ, խռովահույզ զգացմունքներ արթնացրին ողջ հայ հասարակության մեջ: Հայաստանը, որի ներկայացուցիչները քրիստոնեական արժեքներ են տարածել ողջ Եվրոպայում, եւ հայերը, ովքեր լուսավորչական գործը սկիզբ դրած եւ Եվրոպական արժեքներ կրող ազգերից մեկն են, հանկարծ իրենց խարդավանված եւ խաբված զգացին մի ազգի կողմից, որի սահմանադրությունը դավանում է քրիստոնեական արժեքներ, եւ որը հպարտանում է իրենց թագավոր Սուրբ Ստեփանով, ով կառուցել է Հունգարական պետությունը ամուր հիմքի վրա եւ այն դարձրել քրիստոնեական Եվրոպայի մի մաս: Հունգարական սահմանադրությունը հռչակում է, որ քաղաքացիների եւ պետության համընդհանուր նպատակն է ապահովել բարեկեցության, անվտանգության, կարգ ու կանոնի, արդարության եւ ազատության հնարավորինս ամենաբարձր մակարդակը: Եվ հանկարծ պարզվում է, որ այն չի ապահովում ոչ անվտանգություն, ոչ էլ արդարություն: Նույնիսկ միջազգային կոնվենցիաների հղումը համոզիչ չէ, երբ գործում են` հիմնվելով դատական ակտի պաշտոնական խոսքի վրա եւ ոչ դրա ոգու շրջանակներում, ինչը պահանջում է արդարություն եւ արդարադատություն»: Սիմոնյանի խոսքով, Հունգարիան, որ պայքարում է գոյատեւման, ազատության եւ անկախության համար, հանկարծ փաստացիորեն նպաստում է մի այնպիսի երկրի ներկայացուցչի արդարացմանը, որը հերքում է Լեռնային Ղարաբաղի հայերի ազատության, ինքնորոշման եւ անկախության իրավունքը: «Հանցագործի հանձնման այդ անօրինակ որոշումը եւ հետագա գործողությունները, որոնք հարգանք չեն ցուցաբերում մեր սեփական երաշխիքների եւ խոստումների, ինչպես նաեւ մեր օրենսդրության հանդեպ, միջազգային հանրությանը ապացուցում են ոչ միայն օրենքի ուժի բացակայության փաստը սուլթանիստական վարչակարգում, այլ նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կյանքի եւ հիմնական ազատությունների երաշխիք չունեն մի երկրում, որը հերոսացնում է մի ոճրագործի, ով սպանություն է կատարում գիշերվա մթության քողի ներքո` սառնասրտորեն եւ բարբարոսաբար, զավեշտալիորեն այն միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վերջին իրադարձությունները չեն նպաստում տարածաշրջանային կայունությանը եւ համագործակցությանը, որը հակամարտության մեջ հայտնված մեր տարածաշրջանում Հայաստանի համար առաջնահերթ նշանակության հարցերից մեկն է, ոչ էլ դրական են ազդում պետությունների միջեւ վստահության կառուցման վրա: Եվ վերջապես, դրանք զրկում են այն հավատից, որ հնարավոր է որեւէ իրատեսական համատեղ գոյություն մի ազգի հետ, որը ստեղծում է կեղծ հերոսներ` կուռք դարձնելով սառնարյուն մարդասպանին, ով գիտակցաբար գործողություն է կատարում ազգային թշնամանքի հողի վրա եւ նույնիսկ չի զղջում դրա համար: Այսպիսի կեղծ հերոսներին կուռք դարձնելը չի կարող արդարացվել, բայց մենք տեսնում ենք, որ դա արդեն միտում է դառնում` ազգային քաղաքականության մաս կազմելով: Ազգային հողի վրա հիմնված ատելությունը դրվում է նոր սերնդի կրթության հիմքում, դառնում է հասարակական հարաբերությունների առանցք եւ ծնում նոր հանցագործություններ: Նման պետական քաղաքականությունը մոտենում է ատելության նացիստական եւ ֆաշիստական գաղափարախոսությանը, որը հիմնված է սոսկ ազգային պատկանելության վրա: Ցանկացած մեկը, ով փորձում է արդարացնել դա, նպաստավոր հող է նախապատրաստում մարդկության դեմ ապագա հանցագործությունների համար»,- նշել է Սիմոնյանը:

No comments: