Sunday, September 30, 2012

Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամը մասնակցել է նիստի ՊՆ-ում

«HayNews.am», 29.09.2012: Սեպտեմբերի 29-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը: Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը: Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաև միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը: Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել և ընդլայնել համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:

No comments: