Thursday, September 20, 2012

Ալիեւը գնացել է «սիրտը բացելու»

«Լրագիր» 19-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այդ հանդիպումն անշուշտ կարող է լինել արարողակարգային-բարեկամական՝ Ալիեւը պարզապես մարդկայնորեն կարոտել է Սարկոզիին: Հնարավոր է նաեւ, որ Սարկոզին օրինակ նախորդ տարվա աշնանը տարածաշրջանային այցի ընթացքում կարճ ժամանակով՝ մի քանի ժամով լինելով նաեւ Բաքվում, ինչ որ բան է մոռացել այնտեղ, ու հիմա Ալիեւը իր հետ բերել է նրան հանձնելու: Չի բացառվում մինչեւ անգամ գրազը: Ասենք, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահը Ալիեւի հետ գրազ է եկել, որ երկրորդ անգամ կընտրվի նախագահ, ու հիմա Ալիեւը նրան է հանդիպում գրազով պարտվածը հանձնելու համար. Սարկոզին երեւի ռեալ գնահատելով վիճակն ասել է, որ չի ընտրվի, իսկ Ալիեւը արեւելյան շողոքորթության կանոնների համաձայն գրազ է եկել, որ Սարկոզին կընտրվի: Բայց, հնարավոր է նաեւ, որ Սարկոզիի հետ Ալիեւի հանդիպումը ունի ոչ միայն զուտ մարդկային, այլ նաեւ քաղաքական, դիվանագիտական շարժառիթներ: Օրինակ, Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը Լուվրում իսլամական մշակույթի ցուցահանդեսի ժամանակ արժանիորեն անհարգալից է գտնվել մարդասպաններին հերոսացնող Իլհամ Ալիեւի նկատմամբ, լուսանկարվելիս նրան թողնելով իր մեջքի հետեւում: Հնարավոր է, որ Իլհամ Ալիեւը շատ է նեղսրտել Օլանդի այդ վերաբերմունքից եւ որոշել է պարզապես «սիրտը բացել» Սարկոզիի առաջ: Հնարավոր է նաեւ, որ Ալիեւին նեղացրել է Օլանդի հորդորը՝ կատարել Հայաստանի վստահությունը վերականգնելու քայլեր: Կարծես ակնհայտ է, որ Ֆրանսիայի նոր նախագահի հետ Ալիեւի շփումը չի ստացվել, ինչ որ բան չի գնացել այնպես, ինչպես ասենք Ալիեւին կարող էր ֆրանս-ադրբեջանական հարաբերության մասով խոստացած լինել Նիկոլա Սարկոզին: Եվ միգուցե դրա համար էլ Ալիեւը այցելել է նաեւ Սարկոզիին, որպեսզի պարզի, թե ինչու է Օլանդը «խախտում պայմանավորվածությունները»: Իհարկե հասկանալի է, որ Օլանդի հետ ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել, բայց չի բացառվում, որ Նիկոլա Սարկոզին հեռանալուց առաջ Ալիեւին որոշ հավաստիացումներ է տվել ֆրանսիական քաղաքականության շարունակականության համատեքստում, որոնք սակայն ներկայում խախտվել են, եւ Ֆրանսիայի նախագահը Փարիզում հյուրընկալելով Ալիեւին, նրան «անակնկալներ» է մատուցել: Թեեւ, հնարավոր է, որ դրա պատճառը եղել է այն, որ «պայմանավորվածություններն» առաջինը խախտել է հենց Ալիեւը, Հունգարիայի իշխանության հետ իր գործարքով եւ Սաֆարովին ազատություն շնորհելու ու հերոսացնելու որոշմամբ: Դա էլ հավանաբար փոխել է Ֆրանսիայի դիրքորոշումը ինչ-ինչ հարցերում, Ալիեւին մատուցելով տհաճ անակնկալ: Այդ ամենին զուգահեռ, իհարկե չի բացառվում նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահի հետ հանդիպելու մեկ այլ տարբերակ: Դեռեւս Սարկոզիի իշխանության տարիներին, երբ Ֆրանսիա էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկություն տարածվեց, որ այդ ժամանակահատվածում Ֆրանսիայում է եղել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ: Քոչարյանի գրասենյակն այդ տեղեկությունը հաստատեց պաշտոնապես: Ըստ երեւույթին, ֆրանսիական քաղաքականության չգրված արարողակարգ է, որ եթե որեւէ երկրից նախագահ է այցելում Ֆրանսիա, տվյալ երկրի նախկին նախագահն էլ հանդիպում է Ֆրանսիայի նախկին նախագահի հետ: Դե, իսկ քանի որ Ադրբեջանի դեպքում նախկին չկա, բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով, Ալիեւը ստիպված է ինքը հանդիպել թե ներկա, թե նախկին նախագահների հետ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: