Thursday, September 20, 2012

«Le Figaro». Օլանդն Ալիեւին շատ զուսպ է ընդունել

News.am. 19-9-2012- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին
Փարիզ կատարած այցի ընթացքում կոչ է արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը», գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն`վկայակոչելով France-Presse գործակալությանը: Լուվրում իսլամական արվեստի նոր թեւի բացմանը զուգահեռ, որի հովանավորներից մեկը Ադրբեջանն է, Իլհամ Ալիեւը հյուրընկալվել է Ելիսեյան պալատում, որտեղ կեսժամանոց հանդիպում է կայացել: Ֆրանսիայի նախագահն Ադրբեջանին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի հաջող ավարտին: Իլհամ Ալիեւին շատ զուսպ ընդունելություն է ցուցաբերվել եւ, France-Presse գործակալության լրագրողի խոսքով, լուսանկարիչների մուտքը Ելիսեյան պալատ եւ դրա տարածք արգելված է եղել: Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում լարվածությունը սրացել էր սեպտեմբերի սկզբին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Շուրջ 600 բողոքողներ, հիմնականում ֆրանսահայեր, Ադրբեջանի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ցույցով դատապարտել են Իլհամ Ալիեւի այցը Փարիզ. «Ֆաշիստ Ալիեւ, դուրս Ֆրանսիայից» –վանկարկել է ամբոխը, իսկ պաստառներին գրված է եղել. «Ֆրանսիան ընդունում է հանցագործին, արդարադատությունը վաճառքի համար չէ»: «Մարդասպան Սաֆարովին ազատելուց 18 օր անց Ալիեւի ժամանումը Ֆրանսիա անթույլատրելի է», – ասել է Ֆրանկ Փափազյանը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը (CCAF):

No comments: