Monday, September 24, 2012

Փլուզման եզրին գտնվող Վանի Վարագավանքի սեփականատերը HABERTURK-ի գլխավոր խմբագիրն է

Nmews.am. 24-9-2012- Թուրքական մամուլում հետաքրքիր բացահայտում է տեղ գտել: Հայտնի է դարձել, որ Վանից 7 կմ հեռավորության վրա Յուքարը Բաքրաչլը գյուղում գտնվող հայկական Վարագավանքի սեփականատերը թուրքական HABERTURK-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըն է: Յուքարը Բաքրաչլը գյուղի բնակիչները տարիներ առաջ դիմել էին թուրքական իշխանություններին՝ հայկական վանական համալիրը վերանորոգելու խնդրանքով: Թուրքական իշխանությունները դրական պատասխան էին տվել: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի Վանի նահանգային վարչությունը Վարագավանքի վերանորոգման համար դիմել էր Վանի անշարժ գույքի կադաստրի վարչությանը՝ գտնելու եւ ստանալու սեփականատիրոջ թույլտվությունը վանքի վերանորոգման համար: Կադաստրի տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլն է, սակայն նրան գտնել չի հաջողվել: Անատոլիայում ապրող ժողովուրդների մշակույթն ուսումնասիրող ճարտարապետ Օսման Քոքերը հայտնել է, թե Վանի կադաստրի պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը՝ շեշտելով, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլի թոռն է՝ HABERTURK-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը: Թուրքական Taraf-ի հետ զրույցում Ֆաթիհ Ալթայլը հաստատել է, որ հայկական վանքն իրենն է՝ նշելով, որ այն իրեն է անցել պապուց: «Եկեղեցու սեփականության վկայականն ինձ մոտ է: Այդ տարածքը պապուս էր պատկանում, այնուհետ անցել էր հորս, իսկ հորս մահանալուց հետո անցել է ինձ: Պապս 40-50 տարի առաջ եկեղեցիներն ամրացրել էր, սակայն դրանից հետո ոչ ոք մատով չի կպել: Գյուղն էլ է մեզ պատկանում, սակայն ոչ գնում եմ, ոչ՝ տեսնում: Վերջին իրադարձությունների մասին ձեզնից տեղեկացա: Եթե դիմեն վերանորոգման համար, իհարկե բոլոր տեսակի թույլտվությունները կտամ: Եթե կուզեն, կվաճառեմ, ինչ կուզեն, այն կանեմ: Եկեղեցին վերանորգելու համար գումար չունեմ, թող վերանորոգեն»,-ասել է Ֆաթիհ Ալթայլը: Նշենք, որ կիսականգուն Վարագանքը լրջորեն վնասվել է նախորրդ տարի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից եւ այժմ գտնվում է խիստ վթարային վիճակում: Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին: Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: Արթուր Հակոբյան

No comments: