Tuesday, September 11, 2012

Երկու հետընթաց քայլ Կովկասում. NYT

HayNews.am. 10-9-2012- Վերջին օրերին երկու խորհրդանշական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կարող են ռազմական գործողություններ բոցավառել արդեն իսկ լարված Կովկասում: Այս մասին գրում է The New York Times թերթի հոդվածագիր, Միդլթաուն քաղաքի Վեսլեյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը: Հոդվածագիրը հիշեցնում է օգոստոսի 31-ին տեղի ունեցած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և ազատ արձակումը: Հեղինակը նշում է, որ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Սաֆարովին, վերադարձրեց նրան զինվորական պարտականություններին, մայորի կոչում տվեց, բնակարան նվիրեց և վճարեց բանտում անցկացրած տարիների աշխատավարձը: Այս գործողությունները համընդհանուր դատապարտման արժանացան Վաշինգտոնի, Մոսկվայի և Եվրոպայի իշխանությունների կողմից: «Բացի նրանից, որ նման քայլը վիրավորանք է ուղղված արդարությանը և օրենքի գերակայությանը, ավելի մտահոգիչ է այն հաղորդագրությունը, որն ուղարկվում է ամբողջ աշխարհին, այն է, որ Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ հայերին սպանելը ընդունելի է: Կարծես թե, այն վիրավորանքը, որը նրանք ապրել են 1992-94 թվականներին հայերի կողմից պարտության մատնվելուց հետո, այնքան խորն է, որ անգամ մարդասպանը ներվում է: Այս ամենից հետո դժվար է Արցախում ապրող հայերին խնդրել հանգիստ ընդունել այն միտքը, որ վիճելի տարածքների շուրջ հակամարտության լուծումը Ադրբեջանի իշխանության տակ վերադառնալն է»,-նշում է պրոֆեսորը: Հեղինակն ընդգծում է, որ այս մեկ քայլը կարող է ոչնչացնել դիվանագետների այն բոլոր տարիների ջանքերը, որոնք ուղղված են եղել կողմերի միջև կապերի վերահաստատմանը և . փոխվստահության ձեռքբերմանը»: Հոդվածագիրը որպես տարածաշրջանի լարվածությունը սրող երկրորդ իրադարձություն նշում է այն փաստը, որ օրեր առաջ Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը գլուխը խոնարհել էր Ադրբեջանի նախկին նահագահ Հեյդար Ալիևի հուշարձանի առջև: Ռութլանդը նշում է, որ ամերիկացի դեսպանների համար Հեյդար Ալիևի հուշարձանին ծաղիկներ դնելը ընդունված կարգ է, սակայն լուսանկարները պարզ ցույց են տալիս, որ դեսպանը ծաղիկներ դնելուց բացի նաև գլուխն է խոնարհում: Ըստ հոդվածագրի`«դեսպանի այս քայլը երկու սխալ ազդանշաններ է ուղարկում: Առաջին, դա հուսալքում է Ադրբեջանի ժողովրդավարական ակտիվիստներին, ովքեր տեսնում են, որ ԱՄՆ-ն աջակցում է բռնապետներին: Երկրորդ, դա ազդանշան է ուղղված Հայաստանին և նրա հիմնական դաշնակից Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարության անվերապահ հովանավորն է»: «Այս ամենը Հայաստանի համար անհնարին է դարձնում հավատալ, որ ԱՄՆ-ն կարող է բանակցային գործընթացում գործել որպես արդար միջնորդ: Եվ եթե Միացյալ Նահանգները չի կարող խաղալ այդ դերը, ապա ոչ ոք չի կարողանա»,-նշում է Ռութլանդը: Վերջում հեղինակը վերհիշում է մի քանի դեպքեր, երբ երկրի առաջնորդների կամ այլ պաշտոնյանների գլուխ խոնարհումները ոչ թե լարվածության սրման, այլ համերաշխության առիթ են դարձել: Այսպես, հեղինակը նշում է, որ «Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը 1970 թվականին ծնկի իջավ Վարշավայի գետտոյում և այդպիսով ներողություն խնդրեց Գերմանիայի ոճրագործությունների համար: Նույն ոգով Վլադիմիր Պուտինը հաշտեցման հստակ ուղերձ ուղարկեց, երբ 2010 թվականին ծնկի իջավ լեհ սպաների հուշարձանի առջև, ովքեր սպանվել էին Ստալինի հրամանով»: «Այն ինչ մեզ պետք է Կովկասում, դա Բրանդտի և Պուտինի նման առաջնորդներն են, ովքեր իրենց զղջումը ցույց տալու և իրենց նախկին թշնամու հետ հանդիպելու խիզախություն ունեն»,-եզրափակում է պրոֆեսորը:

No comments: