Tuesday, September 11, 2012

Աշխարհը գիտի, թե ինչ է եղել 1915-ին. Արսինե Խանջյանի հարցազրույցը թուրքական Radikal-ին

Tert.am. 10-9-2012- Թուրքական Radikal-ը հարցազրույց է վերցրել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանից, ով հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից: «Աշխարհը գիտի՝ ինչ է եղել 1915-ին» վերնագրով հրապարակված հարցազրույցի տեքստում, սակայն, Արսինեն իրեն հատուկ ոճով առավել խիստ ձևակերպումներ է անում, քան մեջբերված է վերնագրում: Նա նախ պատմում է, որ դա իր առաջին ուղևորությունն է Թուրքիա և հստակեցնում, որ իբրև հայ՝ եկել է իր հին հայրենիք, պատմում է իր տպավորությունների մասին, երբ Արարատը տեսավ Կարսի կողմից: Դերասանուհին ասում է, որ արդեն 100 տարի է՝ Թուրքիայի 80 մլն-անոց ժողովուրդը սխալ գիտի իր իսկ պատմությունը, իսկ դա աղետալի է: Խոսելով անձնական աղետի մասին՝ Խանջյանն ասում է, որ «փոքրուց միշտ հանդուրժել է կորուստը», որ իր մայրական կողմն Էրզրումից է, հայրական կողմը՝ Դիարբեքիրից, որ իր տատը թուրքերից փախել է՝ իր ամբողջ ընտանիքին կորցնելուց հետո: Դերասանուհին նաև պատմում է լիբանանահայ համայնքի մասին (Արսինեն ծնվել է Բեյրութում, և միայն Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել Կանադա – Tert.am), նշում, որ այնտեղ ազատ կարող էիր ասել, որ հայ ես, որ գրեթե բոլորը հայերեն էին խոսում: Իսկ Կանադայում այդպես չէր: Արսինեն հանգամանալից պատմում է նաև ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հայկական արմատների մասին: Արսինեն խոսում է իրենց համատեղ կյանքի և համատեղ ստեղծագործության՝ «Արարատի» մասին: Հաջորդիվ նա նշում է, որ Թուրքիա պետության ժխտողական քաղաքականությունը ոչինչ չի փոխում, բոլորն էլ գիտեն ինչ է կատարվել: «Նույնիսկ թուրքերը և դուք», -ասում է դերասանուհին՝ դիմելով նաև լրագրողին: Արսինեն նաև զարմանք է հայտնում, թե ինչպես կարելի է ժխտել սեփական պատմությունը և ապրել առանց անցյալի՝ նկատելով, որ առանց անցյալի կամ սուտ անցյալի հիման վրա ներկա ու ապագա կառուցել հնարավոր չէ: Ուշագրավ է, որ թուրքական հրատարակությունն իր տպագիր տարբերակում հարցազրույցին կից զետեղել է լուսանկար, որում Արսինե Խանջյանը ծխախոտով է: Թուրքիայում՝ Ստամբուլում, կանանց ծխելն առանձնապես տաբուների շարքից չէ, սակայն արևմտյան մամուլում ու նաև տեղականում կա «չգրված օրենք», որի համաձայն՝ հնարավորինս զերծ են մնում ծխող մարդկանց լուսանկարներ հրապարակելուց: Դե, իսկ հայկական մամուլի համար ծխող հայտնի հայուհու լուսանկարի հրապարակումը խիստ բացառիկ երևույթ է: Արսինեի դեպքում հակառակ բացառությունն են արել նաև նրա հարցազրույցը մեջբերած տարբեր լրատվամիջոցներ՝ զետեղելով հենց ծխախոտով լուսանկարը:

No comments: