Tuesday, September 18, 2012

Մուսուլման դավանանքի «ԱՂՋԻԿԸ». Zaman

1in.am.18-9-2012- Հասան Ջեմալի վերջերս լույս տեսած՝ «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրքը զգալի արձագանք է առաջացրել՝ կապված այն մեղադրանքների հետ, թե գրող Իլհան Սելչուկի մայրը՝ Հիքմետ Քասիմը, հայուհի է,- գրում է inosmi.ru-ն՝ վկայակոչելով թուրքական Zaman-ին: Նյութի հեղինակի խոսքով, ինքը թեև չի կարդացել գիրքը, սակայն դրա վերնագիրը գերմանական հին ձեռքի նռնակ է հիշեցնում, որը հայտնի չէ, թե երբ կպայթի: Այժմ այդ «նռնակը» աննկարագրելի ազդեցություն է գործել՝ նմանվելով լուսարձակի՝ ուղղված մի կնոջ վրա, որն ապրած ողբերգություններից հետո հրաժեշտ է տալիս կյանքին: Շարունակելով՝ թուրք հոդվածագիրը նշում է, որ Ցեղասպանությունն իրենց համար ծանր հասկացություն է, սակայն պետք է համաձայնել, որ 1915 թվականի իրադարձությունները պաշտպանական գործողությունների բնույթ չեն կրել: «Հավանական է, որ մենք այսուհետ ևս փորձեր անենք՝ մեղքը բարդելու բոլորի վրա, բացի մեզանից, և թաքնվելու այս լայնածավալ ողբերգության համար պատասխանատվություն կրելուց: Մենք կարող ենք խուսափել այն օրերի իրադարձություններից, սակայն արդեն այսօր մենք բախվում ենք միջազգային ծանր ճնշմանը: Մենք պարտավոր ենք իմանալ 1915 թվականի իրադարձությունների մասին ճշմարտությունը և նայել ճշմարտության աչքերի մեջ: Պաշտոնական փաստերի և մեր իմացածի միջև տարբերությունը շատ մեծ է: Թուրքական աշխատություններում գրվածը մենք ընդունում ենք որպես իրականություն: Բացառություն են կազմում 1915 թվականի իրադարձությունները, երբ փորձում ենք թաքնվել ամենատարբեր արդարացումների հետևում, ինչպես՝ «Այն պահին, երբ մենք թույլ էինք ու անօգնական, մեզ դավաճանեցին»: Իլհան Սելչուկը մինչև մահ թաքցրել է մոր ինքնությունը: Իսկ ուրիշ ի՞նչ էր մնում նրան անել: Սելչուկ եղբայրները հայտնի էին իրենց քաղաքական գործունեությամբ, և այն, որ նրանց մայրը որբ հայուհի է եղել, կարող էր լրջորեն վնասել եղբայրների կարիերային: Սա գրելիս ամոթ և վիշտ եմ ապրում, սակայն «հայ», «հույն», «գնչու» բառերը նույնիսկ այսօր կիրառվում են որպես վիրավորանք:

No comments: