Wednesday, October 24, 2012

Թուրքիայում վերջին ամիսներին 600-ից ավել քուրդ է սպանվել

HayNews.am. 24-10-2012- Թուրքիայում վերջին ամիսներին 6 հարյուրից ավել քուրդ է սպանվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: Աղբյուրի համաձայն` վերջին 4 ամսվա ընթացքում Թուրքիայի տարածքում երկրի զինված ուժերի գործողությունների հետևանքով «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 647 անդամ է սպանվել: Քուրդ ապստամբները հատակպես մեծ կորուստներ են կրել Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում: Ըստ նույն աղբյուրի` սպանված քուրդ ապստամբների մեջ եղել են նաև 12 դաշտային հրամանատարներ, որոնք պատասխանատու են եղել որոշակի տարածքների համար: Թուրքական կողմի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ԴԱտելով թուրքական լրատվամիջոցների նյութերից, վերջին ամիսներին քրդերի հետ բախումների ժամանակ վերացված թուրք զինվորների թիվը տասնյակներով է չափվում: Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում: Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments: