Wednesday, October 24, 2012

Զորավարժություններ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում

Panorama.am. 24-10-2012- Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելացրել է իր զորավարժությունների, վարժանքների քանակը, որի նպատակը ռազմաբազայի պատրաստվածության որակի բարձրացումն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսելևը: Նա, սակայն, ռազմաբազայի պատրաստվածության մակարդակի բարձրացումը չի կապել տարածաշրջանային զարգացումների հետ, այլ նշել է, որ զորավարժությունների քանակի ավելացումը նախևառաջ պայմանավորված է ռուսական ողջ զինված ուժերում պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ: «Կա համապատասխան ծրագիր, որը հաստատվել է [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության և Հարավային զինվորական օկրուգի շտաբի կողմից, որի համաձայն էլ գործում է [Գյումրիում տեղակայված ռուսական] ռազմաբազան», - ասել է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպան։ Կիրիլ Կիսելևը նաև տեղեկացրել է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան վերջերս ևս մեկ զորավարժություն է իրականացրել, որի ժամանակ մոտ 100 հետախույզներ և 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա լեռնային և քաղաքային պայմաններում փորձարկել են հատուկ նշանակության գործողություններ:

No comments: