Wednesday, October 24, 2012

Վերածննդի դարաշրջանի գաղափարախոսները

Ռուսաստանի իշխանությունը, ինչպես օֆիցիոզը, այնպես էլ հզոր ընդդիմադիր խմբերը միշտ կոնֆերանսիեյի կարիք են ունեցել, «առավոտյան սուրճի» տիպի, ճանաչելի ու անսպասելի, որոնք կարիք չունենային շպառգալկաների եւ ավելի լեգիտիմ լինեին, քան Հռոմի պապը: Նման ծաղրածուի անհրաժեշտությունն առաջիններից մեկը հասկացավ Բորիս Բերեզովսկին: Զուգահեռ, նման դերի էր հավակնում պետերբուրգյան թերամիտ Ալեքսանդր Նեւզորովը, սակայն ինչ որ բան չէր բավարարում, եւ նա արքունի քիմքին դուր չեկավ: Կային ավելի ճարտարներն ու բանիմացները, օրինակ Եվգենի Կիսելյովը, Սերգեյ Դորենկոն, Ալեքսանդր Պրոխանովը, Նիկոլայ Սվանիձեն: Նրանք բավական տարբեր մարդիկ էին, սակայն պահպանում էին մեկ «ոսկե» կանոն՝ մնում էին հայտարարված այն էրուդիցիայի շրջանակներում, որին կարող էին հավակնել, եւ չէին սողոսկում զուգահեռ ոլորտներ: Այլ է Միշել Լեոնտեւը, ով կարող է խոսել եւ մոսկովյան ցույցերից ու հանրահավաքներից, եւ ոչ պակաս հաջող՝ ամերիկյան դոլարի ճակատագրից, որին նա հուղարկավորեց 2009 թվականին եւ ավարտված համարեց նույն տարվա վերջին: Միշել Լեոնտեւին երբեւէ չի բավարարել շատերից մեկը լինելու դերը, նա ինքզինքը տեսնում էր որպես բացառիկ երեւույթ ռուսաստանյան հասարակական-քաղաքական մեկնաբանական ոլորտում: Ավելին, նա անշուշտ հավակնում է «վերածննդի դարաշրջանի» գործչի դերին, այսինքն այն ժամանակաշրջանի, երբ կոշկակարը երեկոյան արհեստանոցից գնում էր տուն եւ մոմի լույսի տակ գրում տրակտատ կյանքի իմաստի, կամ նման այլ բանի մասին: Այսինքն, Լեոնտեւը ունիվերսալ հատկանիշով մարդ է, եւ դա պետք է հասկանային բոլոր տեղեկատվություն սպառողները՝ եւ կոշկակարները, եւ տրակտատների հեղինակները: Նրա վերջին հարձակումը Հայաստանի հասցեին նոր բան չէ նրա գործունեության մեջ, ժամանակին նա այդպես է վարվել շատ պետությունների հետ, որոնց քաղաքականությունը չէր համընկնում Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կուրսի հետ: Լեոնտեւը եվրասիական շարժման հիմնադիրներից մեկն է, շարժում, որ շռայլ վճարվում է ՌԴ իշխանության կողմից, թեեւ այն որպես այդպիսին շատ արագ անկում ապրեց, եւ դրա առաջնորդներն այդպես էլ չճանաչվեցին ակտուալ քաղաքական լուծումների ապոլոգետներ ու նախագծողներ: Ոչ Լեոնտեւը, ոչ էլ եվրասիականության առավել հավակնոտ գաղափարախոսներն այդպես էլ չստացան «մարմնին մոտ լինելու» հավաստագիր: Պատճառն ակնհայտ է՝ ծաղրածուներն ու խեղկատակները կոչված են խաղալ սեփական բավական սահմանափակ դերը եւ չեն կարող հավակնել քաղաքական գործչի դերին, լավագույն դեպքում՝ միայն մեկնաբանի: Միեւնույն ժամանակ, Լեոնտեւն ամենեւին էլ պատահական մարդ չէ ռուսական պաշտոնական մեկնաբանության մեջ, եւ եթե չի լուսաբանում այս կամ այն հարցը, նշանակում է, որ մոսկովյան ղեկավարությունը չափազանց մտահոգ է եւ հնարավոր է չի հասկանում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի ներկայիս քաղաքականությունն, իսկապես, այնքան էլ հասկանալի չէ Մոսկվային, եւ դա զարմանալի չէ, քանի որ հայկական քաղաքական ղեկավարությունն ինքը բախվել է բավական տարօրինակ երեւույթների եւ արտաքին մարտահրավերների, որոնք բացատրվում են Եվրատլանտյան հանրության ոչ այնքան ձեւավորված ռազմավարություններով: Մոսկվան հայտնվել է ընտրության առջեւ՝ կամ ընդունել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում համագործակցելու նախաձեռնությունները, կամ կրկին հայտնվել կոշտ դիմակայության ռեժիմում: Նախապատվությունը տալով Օբամային, որպես առավել նախընտրելի գործընկերոջ, Ռուսաստանն, այսպես թե այնպես, ընդունում է այդ նախաձեռնությունները (լռելյայն, թե ոչ, սակայն ընդունում է): Այդ պատճառով էլ Մոսկվայի արձագանքը Հայաստանի արտաքին քաղաքական նոր կուրսի հանդեպ այնքան էլ կոշտ չէ եւ հնարավոր են վարիացիաներ: Այն, որ հայ հասարակությունը 20, 15, 10 տարի առաջ մերժել է, կամ ավելի ճիշտ՝ լիովին պրոֆանացված ձեւով մերժել է եվրասիական գաղափարը, զիջելով սեփական «բնական տեղը» անթոլոգիական հակառակորդներին՝ այլ հարց է, թեկուզ եւ՝ վիրավորական: Սակայն ժամանակն անցել է, թողնելով պատմական ինտելեկտուալ պարտության մասին հիշեցումը: Խնդիրն այն չէ, որ Միշել Լեոնտեւը մեկնաբանում է առանց այդ էլ հասկանալի իրողությունը, այլ այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում հայկական քաղաքական դասը, ինչպես նաեւ հայ քաղաքական հեղինակներն արտաքին մարտահրավերներն ընկալում են ինչպես ավարտված ոչնչություն, նույնիսկ մոտավոր պատկերացումներ չունենալով այս կամ այն դոկտրինի նշանակության մասին: Հայաստանում ընդունակ չեն ոչ տարբերել, ոչ էլ տարբերակել այդ դոկտրինները եւ դրանց նշանակությունը մեր երկրի համար: Հայաստանի մասնակցությունը Եվրասիական կամ Նեոեվրասիական նախագծին ուներ մեկ չափազանց կարեւոր նշանակություն՝ սովորել եւ իրական խաղալ ուրիշի քաղաքական «դաշտում»: Ժամանակին, առաջարկվում էր բարձր պիլոտաժի նախագիծ: Ներկայիս ողջ մանր իրարանցումը ցույց է տալիս, որ հայ հասարակությունն ընդունակ չէ ոչ իմաստավորել, ոչ էլ առավել եւս մշակել ռազմավարական նախագծերին սեփական մասնակցության սխեման եւ տրամաբանությունը: Մնում է միայն ուշադիր հետեւել 21-րդ դարի մեծագույն իրադարձություններին, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ կարդալ Միշել Լեոնտեւի զրպարտությունները: Իգոր Մուրադյան

No comments: