Thursday, October 25, 2012

Թուրքիան հիմնադրած մարդիկ շուռ կգային իրենց գերեզմաններում. BBC

Tert.am. 25-10-2012- 1923-ին Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրած մարդիկ շուռ կգային իրենց գերեզմաններում. հաղորդում է BBC-ն՝ իր «Արդյո՞ք վտանգված է Թուրքիայի աշխարհիկ կարգը» անդրադարձում: Թուրքիան հիմնողների տեսլականով՝ կրոնը պետք է հեռացվեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներից: Այժմ, երբ հոկտեմբերի 29-ին Թուրքիան նշելու է իր հիմնադրման 89-ամյակը, աղբյուրն արձանագրում է, որ աշխարհիկությունը Թուրքիայում խորհրդանշական է. այն դեպքում, երբ, օրինակ, գլխաշորերն արգելված են հանրային կառույցներում, թուրքական պետության այլ ասպարեզները այնքան էլ աշխարհիկ չեն: Նշվում է, որ անպատեհ է Կրոնական գործերի վարչության առկայությունը աշխարհիկ պետությունում: Այս կառույցը «սնվում» է պետական միջոցներից, սակայն ծառայություններ է մատուցում միայն սուննի մուսուլմաններին՝ Թուրքիայի մեծամասնությանը: Իսկ փոքրամասնությունները՝ քրիստոնյաները, հրեաները, ալավի մուսուլմանները ոչ մի ծառայություն չեն ստանում այս կառույցից: Երկրի առաջատար հ/կ-ներից Թուրքիայի Արդյունաբերության և բիզնեսի ասոցիացիան այս առիթով հանրային քննարկումների ֆոնին նկատել է, որ Կրոնական գործերի վարչության ներկայիս կարգավիճակը հակառակ է և՛ աշխարհիկությանը և՛ կրոնի ու խղճի ազատության սկզբունքին: Ըստ աղբյուրի՝ այդ երկրի վարչապետ Էրդողանը և «իր իսլամիստական արմատներով «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որ իշխանության են մեկ տասնամյակ, փորձել են վերամեկնաբանել աշխարհիկություն ասվածը»: Նշվում է նաև, թե Էրդողանը ինչպես է ինքն իրեն աշխարհիկ պետության մուսուլման վարչապետ անվանել Եգիպտոս կատարած այցի ժամանակ: Էրդողանը մեղադրվել է ծածուկ կրոնական պահպանողականություն առաջ մղելու մեջ: Ընդդիմադիրները Էրդողանին մեղադրել են «սուլթանին հետ բերելու մտադրության», իսկ հասարակությունը՝ ումմայի՝ կրոնական համայնքի վերածելու ցանկության համար: Ինքը՝ վարչապետը, իր վերջին ուղերձում ասել էր, թե «ժողովրդավարական արժեքների և կրոնականի թուրքական հավասարակշռությունը պետք է ոգեշնչող լինի ուրիշների համար»:

No comments: