Sunday, October 7, 2012

Սերժ Սարգսյան. Երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղի առկայությունը Ադրբեջանի կազմում

«Հրադադարի կնքումից արդեն 18 տարի անց Ադրբեջանը մեզ նոր պատերազմով է սպառնում», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայկական կողմը չի կասկածում, որ «Ադրբեջանի նպատակն է ռազմական ճանապարհով փոխել իրավիճակը, եւ նրանց համար ամենաէական զսպող հանգամանքներից մեկը հենց հանդիսանում է հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանը»: «Երբ ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ասում եմ, որ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է վարում, երբ ասում եմ, որ Ադրբեջանի սպառազինությունները ավելանում են, երբ ասում եմ, որ Ադրբեջանը ցանկանում է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, ասածս չի նշանակում, որ պետք չէ բանակցել», - հավելել է Հայաստանի նախագահը: Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնելուն ու նրան նախագահ Ալիեւի կողմից ներում շնորհելուն ու մեծարելուն` Սերժ Սարգսյանն ասել է. - «Սա եւս մեկ ապացույց է, որ հաստատեց այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող որեւէ կերպ ապագա ունենալ Ադրբեջանի կազմում»: «Ես համոզված եմ նրանում, որ այլեւս ես երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղի առկայությունը Ադրբեջանի կազմում: Իսկ դա արդեն մեծ հաջողություն է», - հարցազրույցի վերջում հայտարարել է Հայաստանի նախագահը:

No comments: