Thursday, October 4, 2012

Ժիրայր Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԵԴ-ն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու եւ կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, եւ դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով: «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը հաջորդեց կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Փաստաբանի պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով այդ ձերբակալությունը եւ քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել է «խայտառակ խախտումներով», որի համար այժմ պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը: Սակայն Գրիգորյանն ասաց` իրենք պետք է առաջիկայում սկսեն պատասխանատու պաշտոնյաներին պատասախանատվության ենթարկելու գործընթացը:

No comments: