Wednesday, October 31, 2012

«Հայեր, վերադարձեք Հայաստան». ատելության ալիք Բրբենքում եւ Գլենդելում

Քալիֆորնիայի Բրբենք եւ Գլենդել քաղաքներում անցած տարի ատելության հողի վրա ութ հանցագործություն է կատարվել: Այս մասին «Burbank Leader» պարբերականին ասել է Լոս Անջելեսի շրջանի մարդկային հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցը, ով ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին զեկույցի հիմնական հեղինակն է: Այդ հանցագործություններից չորսը կատարվել են ռասայական եւ էթնիկ հողի վրա, իսկ նրանցից երեքն ուղղված են եղել հայերի դեմ: Անցած տարվա սկզբին ձեռնարկության մոտ կայանված մեքենայի վրա հայերի հասցեին հայհոյանք է փորագրվել: Յոթ ամիս անց մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա է նույն նախադասությունը հայտնվել: Դրանից մեկ ամիս անց` մեկ այլ նախադասություն`«Հայեր, վերադարձեք Հայաստան», այս անգամ` ավտոբուսային կանգառի նստարանի վրա: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Լոս Անջելեսի շրջանում ատելության հողի վրա հանցագործությունների թիվն անցած տարի աճել էր 15%-ով: Հանձնաժողովի` ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին տարեկան զեկույցում նշվում է, որ 2011թ. գրանցվել է նմանատիպ 489 միջադեպ նախորդ տարվա 427 –ի համեմատ, սակայն դա նկատելի ցածր է 2001թ-ի ցուցանիշից` 1031 դեպք:

No comments: