Wednesday, October 31, 2012

Ռուսական կայսրության փրփուրը

«Լրագիր» 31-10-2012- Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում տարածվել է մի կոլաժ, որտեղ համեմատություն է անցկացվում ամերիկյան Նյու Յորք եւ ռուսական Կրիմսկ քաղաքների միջեւ: Նյու Յորքը օրերս դարձել էր Սենդի փոթորկի թիրախը, կրելով զգալի ավերածություններ: Մի քանի ամիս առաջ աղետի թիրախ էր դարձել նաեւ Կրիմսկը: Եվ ահա պատրաստված կոլաժում համեմատվում է քաղաքացիների հանդեպ իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը: Նյու Յորքում, որը Կրիմսկից մի քանի հարյուր անգամ ավելի բնակչություն ունի, ոստիկանները անցնում են տուն առ տուն եւ մարդկանց հետ զրուցում գալիք աղետի եւ պաշտպանվելու անհրաժեշտության մասին: Նյու Յորքում էվակուացվել է ավելի քան 300 հազար բնակիչ: Կրիմսկում չի էվակուացվել ոչ ոք: Կրիմսկի պարագայում մեջբերվում է Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի խոսքը` «ինչ է, ամեն մեկին տնետուն պետք է այցելեի՞նք»: Առկա համեմատությունը մի փոքր, բայց շատ խորհրդանշական դրվագ է, որ բնորոշում է երկու մեծ տերությունները` ԱՄՆ, որ հանդիսանում է աշխարհի թիվ մեկ եւ գուցե միակ գերտերությունը, եւ Ռուսաստանը, որ հավակնում է լինել ԱՄՆ-ի այսպես ասած թիվ մեկ հակակշիռն աշխարհում: Նյու Յորքում գուցե հնարավոր լինի բացահայտել իշխանության նախաաղետային գործողությունների բազմաթիվ թերություններ ու թերացումներ, բայց կարծես թե փաստ է, որ կատարվել է մեծ աշխատանք, որպեսզի նախ քիչ լինեն զոհերը, հետո` քիչ լինի խուճապը բնակչության շրջանում: Ռուսաստանում, բնական աղետները վեր են հանում այդ պետության մեջ տիրող անիշխանությունը: Այդօրինակ իրավիճակները պետությունների լավագույն բնութագրիչներն են, երբ մի տեղ իշխանությունը փորձում է հասարակության հետ անմիջական աշխատանքի շնորհիվ նվազեցնել կորուստները, իսկ մեկ այլ տեղում հնարավորինս փորձում են նվազեցնել ինֆորմացիան, թաքցնել բնակչությունից իրականությունը, թաքցնել պատասխանատուներին կամ անպատասխանատուներին, իսկ վերջում գտնել մի քավության նոխազ ու ամեն ինչ բարդելով նրա վրա՝ հյուսել բարի թագավորի հերթական կերպարը, աղետը դարձնելով նախագահի կամ վարչապետի քարոզի առիթ: Այդ տարբերությունն է թերեւս պատճառը, որ ԱՄՆ ներկայում թե տնտեսապես, թե ռազմական առումով հանդիսանում է աշխարհի ամենահզոր տերությունը, իսկ Ռուսաստանը հզոր է միայն անհատի պաշտամունքով, ատոմային մարտագլխիկների ժանգով, նացիոնալ-շովինիզմի հարթությամբ եւ ազգային սնապարծության փրփուրով: Եվ այս հատկանիշներն ու բնութագրիչներն են նաեւ, որ արժե ուշադրություն դարձնել քաղաքակրթական ընտրություն կատարելիս, որի առաջ ներկայում կանգնած է նաեւ Հայաստանը` Արեւմուտք, թե Եվրասիա դիլեմայով: Այստեղ խնդիրը որեւէ ուղղության հանդեպ համակրանքը չէ, այլ քաղաքակրթական երկու տարբեր հարթությունների քաղաքական, տնտեսական, պետական կարողունակությունը, մշակույթը, մտածողությունն ու արժեքները, ի վերջո` արդյունքը: Այսինքն, խոսքը հանրային եւ պետական կարողունակության արդյունավետ մտածողության, արդյունավետ մոդելի, արդյունավետ ճանապարհի, արդյունավետ մեթոդաբանության ընտրության մասին է, եւ այս չափանիշներով է, որ պետք է կայացվի Արեւմուտք, թե Եվրասիական միություն ընտրությունը: Այստեղ խոսքը որեւէ բեւեռի կամ սուբյեկտի, որեւէ ուժեղ հովանավորի ընտրության մասին չէ, այլ ճանապարհի, գործիքի ընտրության: Իսկ չկատարել այդ ընտրությունը, կամ բավարարվել միջին մի իրավիճակով, պրակտիկորեն անհնար է եւ իրապես վտանգավոր: Դա Աստվածաշնչյան ոչ տաք, ոչ սառը` գոլ, գաղջ վիճակն է, որը երկրները տանում է դեպի դեգրադացիա եւ ճահճացում: Մուրճի անհրաժեշտության պարագայում մուրճը չընտրելն ու սղոցի պոչը որպես մուրճ բանեցնելը 21-րդ դարում դիվանագիտական իմաստնության, խոհեմության եւ հնարամտության վկայություն չէ, այլ ավելի շուտ նախնադարի դրսեւորում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: