Monday, October 8, 2012

Ո՞րն է Սարգսյանի համար հաջողությունը

«Լրագիր» 8-10-2012- «Ես համոզված եմ նրանում, որ այլեւս ես երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղի առկայությունը Ադրբեջանի կազմում: Իսկ դա արդեն մեծ հաջողություն է», Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցի վերջում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պարզ չէ, թե ինչն է մեծ հաջողություն նրա համար. Որ Ղարաբաղը այլեւս երբեք չի լինի Ադրբեջանի կազմու՞մ, թե՞ որ իր մոտ այդ հարցում համոզվածություն է ձեւավորվել: Մեծ հաջողությունը՝ Հայաստանի մեծ հաջողությունը, եղել է մոտ քսան տարի առաջ, երբ հայկական զինուժին հաջողվեց հաղթել ռեսուրսային իմաստով անհավասար պատերազմում: Դրանից հետո, Հայաստանի խնդիրը եղել է ամրագրել այդ մեծ հաջողությունը: Այդ ամրագրումը սովորաբար ընկալվում է ինչ որ ատյանում ինչ որ փաստաթղթի կամ կնիքի արձանագրմամբ: Ֆորմալ առումով, հաջողությունն իհարկե պայմանավորված է այդ հանգամանքով: Բայց դա, իհարկե, Հայաստանի խնդրի չնչին, գուցե նույնիսկ տեխնիկական մասն է: Բուն խնդիրը կապված չէ որեւէ ատյանի կնիքի կամ ստորագրության հետ: Բուն խնդիրը Հայաստանում է եւ կապված է Հայաստանի ներքին կյանքում օրինականության եւ արդարության մեխանիզմների ձեւավորման հետ: Դրանք պետք է հանդիսանային մեծ պատերազմական հաջողության ամրագրումը, նաեւ պարսպապատումը: Այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի համար այլեւս չպետք է լիներ օրակարգային հարց: Եթե Հայաստանը մինչեւ այժմ նախագահի մակարդակով այդ մասին է խոսում աշխարհի հետ, կնշանակի, որ մեծ հաջողության մասին խոսքերն առնվազն ինքնախաբեություն են: Փաստորեն, Հայաստանի ու Ղարաբաղի անկախությունից, եւ պատերազմի հաղթանակից մոտ երկու տասնյակ տարի անց Հայաստանի իշխանությունը միջազգային հանրության հետ դեռեւս խոսում է այն մասին, որ իր համար ընդունելի չէ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Ռամիլ Սաֆարովի հետ կապված հայտնի պատմությունից հետո, այդ դրույթը Հայաստանը շրջանառում է ավելի ակտիվ, հայտարարելով, թե տեսաք, որ մենք ճիշտ ենք եւ որ ադրբեջանցիները վայրենի են ու նրանց հետ ապրելն անհնար է: Փաստորեն, այդ ամբողջ պատմությունից Հայաստանի այսպես ասած քաղած օգուտը հենց այդ է՝ «տեսե՞ք, որ մենք ճիշտ ենք»: Բայց, աշխարհում դատողությունները ճիշտ ու սխալով չեն: Կամ, ճիշտը նա է, ով կարողանում է խնդիրներ դնել իր համար ու հասնել դրանց իրականացմանը: Ի՞նչ խնդիր են դրել Հայաստանն ու Ղարաբաղն իրենց առաջ որպես անկախ պետություն: Ի՞նչ ռազմավարական հարցեր են լուծել երկու տասնամյակի ընթացքում: Ամենակարեւոր, ամենաառանցքային հարցը լուծված չէ՝ դա ներքին արդարության մեխանիզմն է, որը համաշխարհային մակարդակով պետք է լիներ բացառիկ, քանի որ պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ Հայաստանի ամենամեծ ռեսուրսը՝ թե տաք, թե սառը պատերազմում, կարող է լինել միմիայն դա՝ ներքին արդարության հստակ մեխազնիմի առկայությունը, որն ամրագրված է օրենսդրորեն եւ որի հիմքում մարդասիրական արժեքներն են: Մինչդեռ Հայաստանը անկախության երկրորդ տասնամյակն է, ինչ փորձում է աշխարհին համոզել՝ «տեսա՞ք, որ մենք ճիշտ ենք»: Մինչդեռ, այդ ճիշտը անգամ Հայաստանի համար նշանակություն, արժեք չունի, որովհետեւ Հայաստանի իշխանությունը, պաշտոնական Երեւանը, երկու տասնամյակ է սպասում է, որ աշխարհը ասի՝ «այո, ճիշտ էիք» կամ «այո, ճիշտ եք, ապրեք»: Պաշտոնական Երեւանի համար ճիշտն այն է, ինչ կհաստատի աշխարհը: Այսինքն, Հայաստանն ինքն իր «ճշտին» չի հավատում: Դրա համար էլ օրինակ երկու տասնամյակ է, ինչ ազատագրված տարածքները վերաբնակեցված չեն, որ հանկարծ աշխարհը չասի՝ “չէ, ճիշտ չեք”: Փոխարենը, ճիշտ է համարվում այդ տարածքները գեներալների կամ պաշտոնյաների անձնական նպատակների համար ծառայեցնելը: Դա արդեն մեր ներքին “ճիշտն” է, որի կանոնները երկու տասնամյակ է գործում են ամբողջ երկրում, եւ որը ոչ մի կապ չունի արդարության, օրենքի եւ մարդասիրության հետ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: